Կարճ լուրեր
Երեքշաբթի Շրի Լանկայի ոստիկանությունը կրակել է՝ վառելիքի գների նոր թանկացման դեմ բողոքող մի խումբ մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 13 մարդ: Անվտանգության ուժերի կողմից առաջին անգամ են կրակոցներ հնչել երկրի վերջին տասնամյակների վատթարագույն տնտեսական ճգնաժամի շուրջ շաբաթներ տևած ցույցերի ընթացքում: Ցուցարարների հետ բախումներից հետո 15 ոստիկան ևս թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են։
Աղբյուր՝ apnews.com
«Տոմս դեպի դրախտ»-ը, որում Ռոբերթսը նկարահանվել է Ջորջ Քլունիի հետ, կլինի դերասանուհու առաջին ռոմկոմը վերջին 20 տարում: Դերասանուհու խոսքով՝ 20 տարվա ընթացքում իրեն ոչ մի անգամ չի առաջարկվել հետաքրքիր սցենար, որը կգրավեր իրեն: Ջուլիա Ռոբերթսը նշել է, որ չի հանդիպել«Նոթինգ Հիլին» կամ «Լավագույն ընկերոջ հարսանիքին» նման սցենարներ: Ռոբերթսն հավելել է, որ «Տոմս դեպի դրախտ» ֆիլմի սցենարն առաջինն է, որն իրեն դուր է եկել 21-րդ դարում:
Աղբյուր՝ kulturomania.ru
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կասի, որ ինքը գիտակցաբար չի խախտել իր իսկ մտցրած կանոնները 2020 թվականին Դաունինգ սթրիթում ծննդյան խնջույքի ժամանակ: Ընդդիմադիր կուսակցությունները նրան մեղադրում են խորհրդարանին ստելու մեջ. նա նախկինում ասել էր, որ ոչ մի կանոն չի խախտվել:
Աղբյուր՝ bbc.com
ՌԴ-ի և ՀՀ-ի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը։ ՌԴ-ի և ՀՀ-ի անունից պայմանագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը։
Աղբյուր՝ tass.ru
Դատարանում ներկայացվել են Ջոնի Դեփի դեմքի վնասվածքների նկարները: Հոլիվուդյան աստղի անվտանգության աշխատակից Շոն Բեթի խոսքով՝ կապտուկներն ու քերծվածքներն առաջացրել է նրա նախկին կինը՝ Էմբեր Հերդը: Նա նշել է, որ լուսանկարները «ուղղակի վկայությունն են» ամուսնու վրա դերասանուհու հարձակումների: Դեփի լուսանկարները ցուցադրվել են երդվյալ ատենակալներին և դատական նիստին բոլոր ներկաներին:
Աղբյուր՝ vesti.ru
Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի այսօր կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» Պրեմիեր լիգայի հանդիպումը Լիվերպուլի հետ: Պորտուգալացի ֆուտբոլային աստղը սգում է իր նորածին որդու մահը:
Աղբյուր՝ france24.com
Իրաքի ԱԳՆ-ը կանչել է Թուրքիայի դեսպանին և նրան բողոքի նոտա հանձնել Հյուսիսային Իրաքում թուրքական գործողության կապակցությամբ: Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Թուրքիայի ՊՆ-ը երկուշաբթի ռազմական գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, այն ընթանում է Իրաքի հյուսիսային հատվածում:
Աղբյուր՝ ria.ru
Լիտվայի խորհրդարանը երեքշաբթի արգելեց «Z» տառի, Գեորգիևյան ժապավենի և այլ խորհրդանիշների հրապարակային ցուցադրումը, որոնք համարվում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանն աջակցություն արտահայտելու միջոց: Ուկրաինայում ռուսական ռազմական տեխնիկայի վրա նշված է «Z» տառը:
Աղբյուր՝ usnews.com
Ինդոնեզիայի խորհրդարանի փոխխոսնակ Հիդայաթ Նուր Վահիդը պահանջել է, որ արևմտյան երկրները հրաժարվեն «երկակի ստանդարտներից»՝ նկատելով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանվում, սակայն «Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի հավատացյալների դեմ իսրայելական հանցագործությունները չեն նկատվում»: Այս մասին նա երեքշաբթի Ջակարտայում հաղորդել է լրագրողներին:
Աղբյուր՝ tass.ru
Իսրայելական ուժերը վիրավորել են առնվազն 40 պաղեստինցի ցուցարարների այն բանից հետո, երբ հազարավոր իսրայելցի հրեա վերաբնակիչներ երթով շարժվել են Հոմեշ բնակավայրի դիրքի վրա` բռնազավթված Հորդանան գետի Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի մոտ: Երթի արդյունքում Նաբլուս-Ջենին մայրուղու հատվածները փակվել են պաղեստինցիների երթևեկության համար։
Աղբյուր՝ aljazeera.com
69-ամյա Միկի Ռուրկը մտադիր է մահից հետո իր ողջ ունեցվածքը թողնել իր օգնական Դմիտրի Կորնեյչուկին: Այս մասին նա պատմել է YouTube-ի «Զգուշացեք, Սոբչակն է» շոուին տված հարցազրույցում: «Ես ամեն ինչ թողել եմ Դիմային, ամե՜ն, ամեն ինչ: Նրա հետ խոսել ենք այն մասին, որ ինձ դագաղի մեջ կդնեն շների հետ։ Երբ Դիման մեռնի, նա կպահի շներին: Չեմ վախենում մահից, ես վախենում եմ բուն գործընթացից»,- նշել է դերասանը: Կորնեյչուկը Ռուրկի հետ աշխատում է շուրջ ութ տարի:
Աղբյուր՝ gazeta.ru
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը պատրաստվում է երեքշաբթի վկայություն տալ իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատական պայքարում, ում նա մեղադրում է ստելելու մեջ, թե իրենց կարճատև ամուսնության ընթացքում կինն իր կողմից բռնության է ենթարկվել:
Աղբյուր՝ nbcnews.com
Հայտնի է «Բավարիայի» նորեկի անունը, ով ամռանը կհամալրի մյունխենցիների կազմը: Նա «Այաքսի» և Մարոկկոյի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Նուսար Մազրաուին: Ամստերդամի թիմի հետ Մազրաուիի պայմանագիրն ավարտվում է ամռանը: Ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ և անվճար կտեղափոխվի «Բավարիա»:
Աղբյուր՝ vesti.ru
Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննություն է սկսել Սուրբ Զատիկի օրը Փարիզի կենտրոնում ռուսական ուղղափառ փոքրիկ եկեղեցում բռնկված հրդեհի պատճառների վերաբերյալ, հայտնում է Փարիզի հրշեջ վարչությունը: Ապրիլի 17-ին մոտ 60 հրշեջ էր ուղարկվել՝ Փարիզի 15-րդ շրջանի Սեն-Սերաֆին-դե-Սարով եկեղեցում բռնկված հրդեհը մարելու համար: Մեծ վնասներ են եղել, սակայն զոհեր չկան:
Աղբյուր՝ reuters.com
Կինը կորցրել է գիտակցությունը և ընկել ուղիղ շարժվող գնացքի տակ: Դեպքը տեղի է ունեցել Արգենտինայի Գոնսալես Կատան քաղաքի երկաթուղում, որը ֆիքսել են տեսահսկող սարքերը: Կանդելա անունով տուժածն ընկել է գծերի վրա, երբ գնացքը մոտեցել էր կայարանին: Մոտակայքում կանգնած ուղևորները հետ են քաշվել, ոմանք փորձել են օգնել կնոջը գնացքի կանգնելուց հետո: Պարզվել է, որ նա ողջ է մնացել, նրան վերև են քաշել և շտապ օգնություն կանչել:
Աղբյուր՝ gazeta.ru
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից որոնվում է 49-ամյա Արտյոմ Սինդոյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա կամ Տարոնի բաժին, կամ զանգահարել 1-02, 055- 45-24-84 հեռախոսահամարներով:
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն
Գերմանական ակումբը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բաց թողնել լեհ հարձակվողին: Այս մասին հայտնել է գերմանական Kicker ամսագիրը: Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» ծրագրում է Լևանդովսկուն պահել մինչ պայմանագրի ավարտը՝ 2023 թվականի ամառ: Միաժամանակ, ակումբը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ: Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Լևանդովսկին ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Աղբյուր՝ tass.ru
Չինաստանը հաղորդել է COVID-19-ից ևս յոթ մահվան դեպք Շանհայ քաղաքում՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ հայտարարվեց առաջին մահերի մասին շաբաթներ տևած բռնկումից՝ պայմանավորված օմիկրոն տարբերակով: Երեքշաբթի օրվա մահերը Շանհայում մահացության ընդհանուր թիվը հասցրեցին 10-ի: Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին զոհերը եղել են 60-ից 101 տարեկան և ոչ պատվաստված:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին