ECRI-ն անհանգստացած է Ադրբեջանի` հայազգի քաղաքացիների ճակատագրով
Ռասիզմի և այլատյացության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) 2011թ-ի իր զեկույցում անդրադարձել է ծագումով հայազգի Ադրբեջանի քաղաքացիների խնդիրներին: Զեկույցում մասնավորապես ասված է, որ Ադրբեջանի ծագումով հայ քաղաքացիները, ովքեր չեն կարողացել ԽՍՀՄ-ի անձնագրերը ադրբեջանական նոր անձնագրերով փոխարինելու ժամանակ անմիջապես դիմել պատկան մարմիններին այսօր փաստացի զուրկ են մնացել քաղաքացիությունից: Նրանք զուրկ են որպես Ադրբեջանի քաղաքացի իրենց իրավունքներն իրականացնելու հնարավորությունից և սոցիալական ապահովվածությունից: Ավելին, իրենց քաղաքացիության հարցը դատարանով լուծելու բոլոր փորձերն անհաջող են լինում:
Զեկույցում նշված է, որ Ադրբեջանի ծագումով հայ քաղաքացիներն իրենց առօրյա կյանքում վտանգի են ենթարկվում: Այն մարդիկ, ովքեր ծնվել են հայ-ադրբեջանական խառը ամուսնությունից, բնականաբար, նախընտրում են ադրբեջանական ազգանուն կրել բյուրոկրատական համակարգի հետ խնդիրներից խուսափելու համար: ECRI-ն նշում է, որ զանգվածային լրատվամիջոցների քաղաքականությունն ու պաշտոնական գաղափարախոսություն Ադրբեջանում հանգեցրել են նրան, որ հայ լինելն այդ հասարակությունում խիստ վիրավորանք է, իսկ հայ լինելու մասին հայտարարությունն առհասարակ կարող է դատաքննության ենթարկվելու պատճառ դառնալ:
Ամենից շատ ECRI-ն անհանգստացած է նրանով, որ 1999թ-ին արված մարդահամարի տվյալների համաձայն Ադրբեջանում ապրում էր 120 700 հայ:
Այս թվի մեջ ադրբեջանցի պաշտոնյաները ներառել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բնակվող հայերին, որոնց թիվը ներկայացվել է 120 հազար:
Ըստ Ադրբեջանի պաշտոնատար անձանց` Ադրբեջանի տարածքում առանց Լեռնային Ղարաբաղի 700 ծագումով հայ քաղաքացի կա, սակայն ECRI-ն նշում է , որ դրանց թիվը 30 000-ի է հասնում և, փաստորեն, այդ մարդկանց ընդամենը 3%-ն է, որ համարձակվում է խոսել իր ազգային պատկանելիության մասին: