Հանրապետությունում վտանգավոր օբյեկտների 43-45% վերելակներն են
2005 թ. հոկտեմբերին ընդունված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ մինչև 2006 թ. սեպտեմբերի 1-ը բոլոր վտանգավոր օբյեկտները պետք է գրանցվեին։ Արդյունքում, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը, պարզվել է, որ վտանգավոր օբյեկտների 43-45% վերելակներն են։
Ըստ նրա, ներկայումս հանրապետությունում կա 5645 վերելակ, որոնցից 1190-ը վարչական կառույցներին են պատկանում, մնացածը՝ բնակֆոնդին։ Օրենքի համաձայն` վերելակները սպասարկող տնտեսվարող սուբյեկտները մեկ տարվա ընթացքում պարտավոր են անցկացնել տեխնիկական փորձաքննություն:
Ա. Պետրոսյանի խոսքերով, 2007 թ.-ին կառավարությունը 3 մլրդ դրամ է հատկացրել Երևանի վերելակների փոփոխության և վերանորոգման համար, որի արդյունքում, ըստ նրա, այս տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել: «Չնայած սա այն վիճակը չէ, որ մենք ցանկանում ենք ունենալ»,- ասաց Ա. Պետրոսյանը` հավելելով, որ հանրապետությունում վերելակների պարկը այնքան էլ բարվոք վիճակում չի և մեծամասնության շահագործման ժամկետն արդեն անցած է:
«Անցած տարի փորձաքննության արդյունքում հանրապետության 462 վերելակ ստացել են բացասական եզրակացություն»,- ընդգծեց Ա.Պետրոսյանը և ավելացրեց, որ իրենց կառույցը ստուգող, վերահսկող կառույց չի, իրենք տնտեսվարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելուց հետո միայն անցկացնում են փորձաքննություն:
Նշվեց նաև, որ Երևանում ընդհանուր առմամբ գրանցված է 4833 վերելակ, որոնցից 2010թ.-ին փորձաքննություն են անցել 2898-ը, իսկ բացասական եզրակացություն են ստացել 361-ը: Ի դեպ բացասական եզրակացության ստացած վերելակների մեծամասնությունը` 312-ը, գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Շուրջ 1000 վերելակներ կան Մալաթիայում և այստեղ վերելակները իրոք վատ վիճակում են գտնվում»,- նշեց տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենը:
Նա նաև տեղեկացրեց, որ մեկ վերելակի փորձաքննությունն արժե 2930 դրամ, բայց տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը պայմանագիր կնքում է 2500 դրամով: Այսինքն` որևէ մեկը իրավունք չունի փորձաքննության համար ավելի գումար պահանջել:
Ա.Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ փորձաքննության անցած վերելակների թե բացասական, թե դրական եզրակացությունը պետք է փակցվի տվյալ մուտքի առաջին հարկում: «Վերելակների անվտանգ շահագործման համար պատասխանատվություն կրում են տնտեսվարող սուբյեկտները: Նրանք պարտավոր են ամեն օր, ամեն շաբաթ վերահսկում անցկացնել: Իսկ մենք տարին մեկ անգամ ուսումնասիրում ենք,, թե արդյոք այդ տնտեսվարողները կատարում են համապատասխան պահանջները»,- նշեց Ա.Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան