Գանձասարում վառել են 5-րդ համահայկական խաղերի ջահը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում մասնակցել է 5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:
ԼՂՀ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, 5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին մաղթել հաջողություն ու ամենայն բարիք:
«Հարգելի ներկաներ,
Սիրելի մարզիկներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան հինավուրց հողում:
Այսօր մենք մասնակցում ենք չափազանց կարևոր ու խորհրդանշական մի միջոցառման: Հաշված րոպեներ անց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում կվառվի 5-րդ համահայկական խաղերի ջահը: Եվ սա պատահական չէ: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ:
Նման միջոցառումները նույնպես հանդիսանում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ ու անսասան եռամիասնության վկայությունը: Նաև այդ եռամիասնության շարունակական ամրապնդման տեսանկյունից ենք մենք կարևորում համահայկական խաղերի դերը, որոնք իրենց բնույթով ոչ միայն մրցումներ են, այլև մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ևս մեկ դրսևորում: Հաղթական ոգին պետք է միշտ ամուր լինի յուրաքանչյուր հայի մոտ և ուղեկցի մեզ մեր անխախտ ճանապարհին:
Այս խաղերին աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաև արցախցի մոտ 100 մարզիկներ: Նրանք քրտնաջան աշխատել են և պատրաստ են արժանիորեն մասնակցելու ու պայքարելու մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում համակ ուշադրությամբ կհետևենք խաղերի ընթացքին և մեր մարզիկների մասնակցությանը:
5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ և դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան