Սայլը տեղից շարժվո՞ւմ է. Նախագահն անակնկալ հանդիպել է երիտասարդ գիտնականներին ու լուծում առաջարկել
Կիրակի, օգոստոսի 28-ին, նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում չնախատեսված հանդիպում անցկացրեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցների հետ: Նախագահ Սարգսյանը Ծաղկաձոր էր եկել հետևելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի վերանորոգման աշխատանքը տեսնելու համար: «Մեր երիտասարդական հիմնադրամը պետք է ունենա ավելի բարեկարգ շենք, եկել էի, որպեսզի ինքս համոզվեմ: Համոզվեցի, բայց քանի որ իմացա որ այստեղ հավաքվել եք, ուզում էի գալ տեսնել` ինչի համար եք հավաքվել, ինչ եք ուզում»,- ասաց նախագահը:
Այնուհետև նախագահը շտապել է տեղեկացնել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պատրաստվում է հանդիպել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ներկայացուցիչների հետ և իր օգնական Վիգեն Սարգսյանին հանձնարարել է ճշգրտել հանդիպման ժամկետները:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը արդեն մի քանի ամիս է, ինչ սոցիալական ցանցերում ակտիվորեն բարձրացնում է երիտասարդ գիտնականների խնդիրները և այն, որ գիտությունը քիչ ֆինանսավորում է ստանում պետբյուջեից, արդեն իսկ հանդիպումներ է ունեցել օրենսդիր մարմնի ղեկավարի ու ներկայացուցիչների հետ, ներկայացրել ոլորտի խնդիրները:
«ՀՀ ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավորությունները» թեմայով կազմակերպված երկօրյա սեմինարին նախագահի հետ առաջին հանդիպման ժամանակ երիտասարդ գիտնականները ներկայացրել են, որ հավաքվել են քննարկելու գիտության ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիան, հնարավոր ինչ աղբյուրներից կարելի է ֆինասավորում ստանալ: բացի այդ, նրանց հետաքրքրել է, թե որքանով կլինի բյուջեից գիտությանը տրվող ավելացումը: ARMACAD-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը տեղեկացրել է, որ Ժառանգություն, Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն արդեն համաձայնության են եկել գիտության ֆինասավորման մասնաբաժինը հասցնել երեք տոկոսի:
Իր հերթին նախագահ Սարգսյանն ասել է. «Երևի թե այդպիսի ցանկություն կա, որ համաձայնության գան, որովհետև բյուջետային պրոցեսները շատ վաղուց են սկսվել: Ինչպես գիտեք` նախ մեր երկրում վաղուց եռամյա ծրագրավորման ենք անցել և միջնաժամկետ ծրագրեր կոնկրետ 2012-ի համար հաստատվել են դեռևս անցյալ տարի: Երկրորդ` կարծում եմ ավելի առարկայական քննարկումներ կարող եք ունենալ, ավելի ճիշտ ճանապարհով կարող եք գնալ: Ասենք` ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում`ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում և դա լա՞վ, թե՞ վատ է կառավարվում: Այն գլխից դուք միանգամից ասում եք` եկեք ավելացրեք, բայց ի՞նչը ավելացնենք: Միգուցե ճիշտ կլինի դուք մի հատ ֆինանսների կառավարման մեջ փորձեք մտնել, փորձեք տեսնել`այդ միջոցներն արդյոք արդյունավե՞տ են ծախսվում, թե ոչ: Ես կարծում եմ` սա գիտնականին վայել մոտեցում կլինի: Թե չէ կենցաղային մոտեցում եք ցուցաբերում, ասում ենք`ինչքան շատ լինի վերևից ֆինանսավորումը, այնքան կարող է շատ հասնի: Բայց սա արդյունավետ մոտեցում չէ»:
Այնուհետև նախագահը նշել է, որ իր հետ առաջիկա հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները կարող են բոլոր հարցերը համախմբել և ներկայացնել ու միասին գտնել լուծումներ. «Եթե մենք, իրոք, բոլորս շահագրգռված ենք, որ այն միջոցները, որ հատկացվում են գիտությանը, արդյունավետ ծախսվեն, և մեր մղումը չի գալիս այդ հարցը քաղաքականացնելուց, եկեք հարցերը համախմբեք և մեր հանդիպման ժամանակ այս խնդիրներից կխոսենք: Յուրաքանչյուրին թվում է, թե ինքը ուրիշի գործը շատ ավելի լավ կարող է անել: Ցավոք սրտի, մեզ մոտ դա համարյա թե դառնում է ազգային բնավորության գիծ: Երկու պաշտոնյա միշտ իրար հետ հանդիպում են, քննարկում են երրորդ պաշտոնյայի լավ կամ վատ աշխատանքը, փոխանակ տեսնեն` իրենք ինչպես են աշխատում: Կարծում եմ` մինչև հանդիպումը ճիշտ կլինի դուք` որպես երիտասարդ շահագրգռված գիտականներ, գոնե միայն ակադեմիական համակարգի համար փորձեք տեսնել` անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե՞ ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Ու հետո կխոսենք փող ավելացնելուց »:
Ֆիզիկոս Արթուր Իշխանյանի դիտարկմանը, թե հիմա ֆինանսավորումն ավելացնելը պարտադիր պայման է, նախագահ Սարգսյանն արձագանքեց. «Ուրեմն որևէ մեկը ճիշտ չի վարվում, երբ որ գնում է խոսակցության ու ուլտիմատում է դնում: Եթե ասում ես պարտադիր, բա ուլտիմատումը ո՞նց է լինում: Մեր երկրում և, ընդհանրապես, ճիշտ չէ փորձել ճնշումներով ինչ-որ խնդիրներ լուծել:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանին վիրավորում է գիտնականի աշխատավարձի հարցը. «Կա միջին հանրապետական աշխատավարձ։ Գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է դրանից», -նկատեց Մաթևոսյանն ու խնդրեց նախագահին ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։
«Մեր հանդիպման արդյունքում ես կգտնեմ մարդիկ, ովքեր մի ֆոնդ կստեղծեն երիտասարդ գիտնականների համար, դուք կփորձեք այդ ֆոնդը կառավարել, դրանով ուրիշներին օրինակ ցույց տալ: Երբ որ լավ կկառավարեք, այն ժամանակ ֆոնդն էլ կավելացնենք, Ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»,- ի խատասխան արձագանքեց Սերժ Սարգսյանը:
Այս նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նախագահի հետ հանդիպումից տպավորությունները տարբեր են` ոմանք նշում են, որ վերոնշյալ հիմնադրամի ստեղծմամբ «սայլը տեղից շարժվում է», իսկ մյուսնեն էլ նշում են, որ այդ ամենից «ոչ մի լուրջ արդյունք սպասելի չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան