Փակ շուկան վաճառվել է Սամվել Ալեքսանյանին. «Մուլտի գրուպ»-ը պաշտոնապես հաստատում է
Մաշտոցի պողոտայում գտնվող փակ շուկան, որը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը: «Վաճառքն արդեն իրականացվել է», -ասաց Սեդրակ Առուստամյանը:
Նշենք, որ այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել էր հնարավոր գործարքի մասին տեղեկությունները և ասել. «Նման բան չկա, ես պաշտոնապես հերքում եմ այդ լուրը»: «Ես չգիտեմ` ով ինչ է ասում: Անցած շաբաթ եմ ես կազմակերպել ու վաճառել», -այդ առնչությամբ ասաց Սեդրակ Առուստամյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ, որոշվեց վաճառել «Փակ շուկան», «Մուլտի գրուպ»-ի ղեկավարը նպատակահարմար համարեց ոչինչ չասել` նշելով. «Եկեք համարենք դա կոմերցիոն գաղտնիք, բայց ես եմ համարել ճիշտ, որ վաճառվի: Ես արդեն մի քանի տարի է, ցանկացել եմ վաճառել «Փակ շուկան»»:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Սամվել Ալեքսանյանը մտադիր է «Փակ շուկայի» տարածքում նոր «Yerevan City» բացել: