Արդարադատության նախարարության աշխատողներին այս տարի «ստիմուլ» կփոխանցեն. «Գուցե փոխնախարարներն ամուսնանա՞ն»
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մտադիր է այս տարվա ընթացքում զարգացնել կառավարման ներքին համակարգը և աշխատակիցներին աշխատելու նոր «ստիմուլներ» փոխանցել: Այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում նա տեղեկացրեց, որ նախարարությունում ստեղծվելու են «աշխատանքային նորմալ պայմաններ», ներդրվելու են խրախուսման համակարգեր, 50 աշխատակիցներ հաճախելու են անգլերենի դասընթացների, շուրջ 60-ն էլ` մարզադահլիճներ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում փորձելու են լուծել նախարարության աշխատակիցների փոխադրամիջոցների հարցը: Հավելավճարներ կնախատեսվեն նախարարության լավ աշխատողների, երեխա ունեցողների համար: «Իմ փոխնախարարները ամուսնացած չեն, գուցե այդ ամենից հետո նրանք որոշեն ամուսնանալ», -կատակով նկատեց նախարար Թովմասյանը:
Այս տարվա ընթացքում փորձելու են կատարելագործել նախարարության համակարգում հանրությանը ծառայություն մատուցող գրասենյակների աշխատանքը:
Ըստ նախարարի, խոցելի է շարունակում մնալ դատաիրավական համակարգը և դրա առողջացմանն է ուղղված դատաիրավական համակարգերի բարեփոխումների 2012-2016 թթ ծրագիրը, որը նախարարի խոսքով «ամբիցիոզ ծրագիր է»:
«Մենք փորձելու ենք համակարգի նկատմամբ անվստահության բարձր տոկոսը իջեցնել, հասցնելով 40 տոկոսի: Այս տարի մեզ համար դատաիրավական համակարգի բարեփոխումներրը մեզ համար գերակա են մնալու», -հայտարարեց Հրայր Թովմասյանը: