«Արմավիա»-ն չվերթները վերականգնել է մինչև հաջորդ երեքշաբթի (տեսանյութ)
ՔԱԳՎ-ում հրավիրած բանակցությունների ավարտից հետո, քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև «Արմավիա» ավիաընկերությունը, որը համարվում է ազգային փոխադրող:
«Ընկերությունը հայտարարում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հետ բանակցությունները շարունակվում են: Մինչև հաջորդ երեքշաբթի չվերթները վերականգնված են, երբ «Զվարնթոց» օդանավակայանը «Արմավիա» ընկերությանը` որպես ազգային փոխադրողի, կտրամադրի արտոնություններ»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
«Զվարթնոց»-ից էլ պարզաբանում են, որ դա ոչ մի կապ չունի իրենց գնային քաղաքականության հետ. «Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք»:
ՔԱԳՎ-ում կայացած բանակցություններից հետո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնեցին. «Մեր ընկերության ունեցած տվյալներով Արմավիա ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ:
Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:
Հուսով ենք առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ Արմավիա ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների, հավուր պատշաճի»:
Նախորդող հրապարակում`
«Զվարթնոց». Մեր ունեցած տվյալներով «Արմավիա»-ն համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա»-ի հետ պարտքի շուրջ