Փակ շուկա. Մշակույթի նախարարությունը չի պատրատվում դիմել ոստիկանություն
«Փակ շուկայի հետ կապված Երևանի քաղաքապետարանը սպառիչ պատասխան տվել է և ես ավելացնելու որևէ բան չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով Փակ շուկայում առանց թույլտվության իրականացված տանիքի ծածկի քանդման աշխատանքներին:
Նշենք, որ փակ շուկայի սեփականատերը «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ:
Նրա խոսքերով՝ օրենքի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը կազմել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ:
Նշենք, որ ՀՀ դատախազության մամլո քարտուղարը Panorama.am-ին ասել էր, որ եթե հուշարձան «պահպանողը» (տվյալ դեպքում մշակույթի նախարարությունը) հայտնաբերել է, որ այն չի պահպանվել, ապա կարող է դիմել ոստիկանություն` քրեական գործ հարուցելու համար:: Այս առնչությամբ մշակույթի նախարարը պատասխանեց. «Կարող են չի նշանակում, որ պարտավոր է»:
Ըստ Հ.Պողոսյանի՝ վերահսկողություն իրականացնող մարմինը, այսինքն՝ քաղաքապետարանը, իր կանխարգելող գործողությունները կատարել է ամբողջությամբ:
«Հիմա ինչ եք ուզում, սա էլ չի՞ բավարարում, ուզում եմ հասկանալ՝ ինչը չի բավարարում, որ էլի հարցեր են ծագում»,- լրագրողներին դիմեց նախարարը: Վերջիններս էլ նշեցին՝ ուզում են ամեն ինչ օրենքի սահմաններում լինի:
«Մենք էլ ենք ուզում, ոչ ոք չի ուզում, որ հուշարձանը խախտվի: Ոչ ես եմ ավել հայ, ոչ էլ դուք»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ փակ շուկայի ստորգետնյա հատվածի էսքիզի վերաբերյալ կա մշակույթի նախարարության դրական եզրակացությունը, դրանից հետո պետք է ներկայացվեր դրա վերաբերյալ նախագիծ, որը սակայն նոր է ներկայացվել մշակույթի նախարարություն: «Կհաստատվի՝ կհաստատվի, չի հաստատվի, ապա կգնա լրամշակման»,- եզրափակեց նախարար Հասմիկ Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան