Հակառակորդը շուրջ 45 րոպե կրակել է Դովեղ գյուղի տների ուղղությամբ. Տարհանվել են մանկապարտեզն ու դպրոցը
Այսօր առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում Տավուշի մարզի Դովեղ գյուղում հակառակորդը շուրջ 45 րոպե կրակահերթ է բացել գյուղի տների ուղղությամբ: Գյուղի մանկապարտեզն ու դպրոցը տարհանվել են, վիրավորներ չկան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Դովեղ գյուղի գյուղապետ Սամվել Գորգինյանը:
«Կրակահերթի հետևանքով բնակիչ Արսեն Մեհրաբյանի բեռնատար մեքենան է վնասվել, որը կայանված է եղել իրենց տան բակում: Բացի այդ, վնասվել են մի քանի գյուղացիների տներ տանիքներ ու տների պատերը», -հավելեց գյուղապետը և նշեց, որ դեռ չեն հասցրել հաշվարկել ստացված վնասը:
Նա փոխանցեց նաև, որ իր հսկողությամբ անմիջապես տարհանվել են գյուղի դպրոցն ու մանկապարտեզը: «Նման դեպք հրադադարից հետո չի եղել, ճիշտ է լսել ենք դիրքային կրակոցներ, բայց որ գյուղի որոշ տարածքներ այսպես կրակահերթի ենթարկվեին, չէր եղել նման բան», -փոխանցեց գյուղապետը` տեղեկացնելով, որ համապատասխան պատկան կառույցներին այդ մասին արդեն իսկ տեղյակ պահվել է և այժմ գյուղում իրավիճակը հանգիստ է, խաղաղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները