Մաշտոցի պուրակի ապամոնտաժման բրիգադի անդամը ԿԸՀ դիմաց հացադուլ է հայտարարել
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաձողովի անդամ Արտավազդ Վարդանյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ մեկշաբաթյա հացադուլ սկսելու մասին: Վարդանյանի պարզաբանմամբ` նման քայլով նա նպատակ ունի հանրությանը կոչ անել բոյկոտել «նախանշված և իշխանությունների կողմից կազմակերպված» ընտրությունները:
«Այս ընտրություններով ոչինչ չի փոխվելու, հասարակությունը պետք է սկսի մտածել և իշխանության կազմակերպած ընտրություններին չգնա։ Ես հասարակությանն ինքնակազմակերպման կոչ եմ անում։ Իմ հացադուլը իշխանություններին չի ուղղված, իմ հացադուլը հասարակությանն ու մեր մտավորականությանն է ուղղված»,- ասաց Ա. Վարդանյանը:
Ըստ բանախոսի` հարկավոր է «այլընտրանքային ընտրություններ» անցկացնել. հասարակությունն ու մտավորականությունը պետք է ընտրեն ընտրությունների նոր ճանապարհ, քանի որ այս ընտրությունները տանում են իշխանությունների վերարտադրողականությանը, ինչը երկիրը տանում է կործանման։
«Որպես պետություն, եթե Հայաստանն այս տեմպերով գնա, վերանալու է»,- ասաց Ա. Վարդանյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա բանախոսը նախընտրեց «դեռ լռել», ասելով` ընտրություններից հետո: «Նրանց վրա սուր նետեր կուղղեմ մայիսի 6-ից հետո, իսկ հիմա հարմար չեմ գտնում նրանց հնարավորությունների մասին խոսել», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկն էր՝ կրպակների ապամոնտաժման բրիգադի անդամներից: