Սամվել Ալեքսանյանը վատառողջ է, անգամ Ապարան չի գնացել
Երևանի Փակ շուկայի տանիքը նախօրեին քանդելու փաստը պատգամավոր ընտրված գործարար Սամվել Ալեքսանյանը չի մեկնաբանում. Նրա հեռախոսահամարները կա'մ անհասանելի են, կա'մ չեն պատասխանում: Փորձեցինք Ալեքսանյանի նախընտրական շտաբի պետ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանից պարզել` ինչպե՞ս է Ալեքսանյանը մեկնաբանում '«Երևան Սիթի» կառուցելու համար պատմամշակութային արժեք ներկայացնող Փակ շուկայի քանդման փաստը:
«Գիտեք, Սամվել Ալեքսանյանը շատ վատառողջ է, մինչև անգամ Ապարան չի գնացել, կներեք, այս անգամ ոչինչ ասել չեմ կարող»,- փոխանցեց Օհանյանը: Նշենք, որ Ապարանում այսօր նշվում է Բաշ-Ապարանում տարած հաղթանակի տոնը, իսկ Ալեքսանյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահն է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախօրեին գիշերը, մթության մեջ քանդվել էին Փակ շուկայի տանիքը կազմող մի քան սյուներ: Այսօր բավական մեծ աղմուկից հետո վերջապես քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Փակ շուկայում վթարային իրավիճակ է եղել, և սեփականատերը, արտակարգ պատահարներից խուսափելու համար, փորձել է իր միջոցներով ապամոնտաժել:
Դեռ մարտի 2-ին քաղաքապետարանի աշխատակիցները պարզել էին, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Դրանից հետո աշխատանքները դադարեցվել էին և ինչպես հավաստիացրել էին,տարածքը վերցված է «խիստ հսկողության տակ»:
Փակ շուկայի տարածքը, որը նախկինում պատկանում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնին, վաճառվել էր Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այդ մասին լուրը Panorama.am-ին հայտնել էր վաճառքն իրականացնող «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը: Մամուլում Սամվել Ալեքսանյանը ոչ հերքել և ոչ էլ հաստատել էր այդ լուրը և խոստացել էր, որ շինարարության ընթացքում շուկայի արտաքին տեսքը չի փոխվի:
Այսօր մի խումբ ակտիվիստներ ու բնակիչներ դեռևս ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ շուրջ 60 ստորագրություններով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին