Վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի պաշտպանական հենակետերի ուղղությամբ հակառակորդի կատարած հարձակման արդյունքում վիրավորված 6 զինծառայողներից 3-ին այսօր կտեղափոխեն Երևան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը:
«Նրանք շատ բարդ վերքեր են ստացել, չեմ կարծում, որ կյանքին սպառնացող լինեն, բայց բարդ վերքեր են ստացել, մի քանիսի մոտ մի քանի գնդակային վիրավորում է եղել», -փոխանցեց Փարսադանյանը` հրաժարվելով նշել, թե հատկապես ովքեր են տեղափոխվելու Երևան:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:
Վիրավորները վեցն են եղել` հինգ զինծառայող և մեկ սպա. ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը և Կորյուն Ռոբերտի Իրիցյանը:
ՊՆ լրատվական ծառայությունը նաև տեղեկացրել էր, որ միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան