«Պայթյունը ոչ թե Փակ շուկայի տարածքում էր, այլ գորգերի լվացման կետում». Panorama.am-ը դեպքի վայրում էր (լուսանկարներ)
Պայթյունը ոչ թե Փակ շուկայի տարածքում է եղել, այլ հարևանությամբ գտնվող գորգերի լվացման կետում: Այս մասին դեպքի վայր ժամանած Panorama.am-ի թղթակցին ու լուսանկարչին հայտնեցին «Ծածկած շուկա»-ի տարածքում շինարարությանը հետևող աշխատակիցները:
«Այստեղ ոչ մի պայթյուն չի եղել, մտեք մոյկա ու հարցրեք, ինչ մատոռ են լվացել, որը չէր կարելի լվալ: Հարցրեք»,-մատնացույց անելով շուկայի հարևանությամբ գործող օբյեկտը, ասաց աշխատակիցներից մեկը:
Շուկայի հարևանությամբ կանաչի, բանջարեղեն ու մրգեր վաճառող կանայք ու մի երիտասարդ տղա, որոնց հավաստմամբ, իրենք շուկայի ետնամասում գտնվող շենքում են ապրում, բարձր-բարձր բղավելով համոզում էին, որ որևէ ձայն գիշերը չեն լսել: Միայն մի տարեց կին ասաց, որ գիշեր պայթյունի ձայն է լսել, բայց տեղյակ չէ` ինչ է պատահել:
Շարժվեցինք դեպի գորգերի լվացման կետ: 11:30-ի դրությամբ փակ էր` չնայած պատին ցուցանակ կա` «Աշխատանքային ժամեր յուրաքանչյուր օր` 09:00-22:00-ը»: Օբյեկտի դիմաց կայանած մեքենայի վրա գրված համարով զանգահարեցինք, իբր քաղաքացի ենք ու գորգ ենք ուզում հանձնել իրենց` լվանալու: Ասացին, թե տղաները գիշեր աշխատել են, հիմա հանգստանում են, առաքումն անվճար է ու միայն երեկոյան կարող են գալ մեր ասած հասցեով ու տանել գորգը: Պայթյունի մասին լուրերը հերքեցին. «Չէ, չէ, ոչ մի պայթյուն, պրոստը գիշերը աշխատել են տղաները, թողել ենք մի քիչ քնեն»:
9-11 ծառայությունից ասացին, թե իրենք շուկայի հարևանությամբ գործող օբյեկտում տեղի ունեցած պայթյունի մասին ահազանգ չեն ստացել:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Փակ շուկայի տարածքում: «Մաշտոցի փողոցում՝ շուկայի շրջակայքում բնակվողները տարակուսած են: Նրանք գրել էին մեզ ահազանգելով այդ մասին: Կա երկու տրամաբանություն՝ կամ իրոք ինչ որ բան է պայթել, կամ այստեղ դարձյալ գաղտնի ինչ որ աշխատանքներ են ընթանում: Երկու դեպքում էլ լավ կլինի, որ դեպքի վայրում լինի ոստիկանությունը»,-գրել էր լրատվամիջոցներից մեկը:
Ինչ վերաբերում է Փակ շուկային, ապա դրա պատերից ներս ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Փլված կամարը վերականգնել էին, այս պահին հատակն են բետոնապատում, իսկ «Կամազ» մակնիշի մեքենաներն էլ ներսի քանդած քարն ու հողն են տեղափոխում:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ իրավական ակտով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը /հանձնաժողովի նախագահ՝ «Հայաստանի Ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Մինասյան/ ավարտել է իր աշխատանքները:
Համաձայն հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, 2012թ. մայիս ամսվա ընթացքում հաստատված նախագծից դուրս կատարվել են աշխատանքներ՝ ընդլայնելով թույլ տրված հողային աշխատանքների սահմանը՝ ընդհուպ մինչև հիմքերի եզրագիծը, բացի այդ քանդվել են որոշ միջհարկային ծածկեր, որոշակի խախտելով շինության կայունությունը:
2012 թ. մայիսի 27-ին տեղի է ունեցել հիմնական կամարների և դրանց կապող կոնստրուկտիվ համակարգի փլուզում մինչև սեյսմիկ կարը: Չնայած որ աշխատանքները դադարեցված են` ներսում տարվող շինաղբի մաքրման աշխատանքները բերել են վիճակի վատթարացման: Հանձնաժողովը սեփականատիրոջ մի շարք առաջարկներ է ներկայացրել:
Նշենք, որ Ծածկած շուկան, որն ընդգրկված է մշակութային հուշարձանների ցուցակում, ձեռք է բերել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա հայտարարել է, թե արտաքին տեսքին ձեռք չի տալու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները