Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի պատվիրակության միջոցառումը
Ռիո դե Ժանեյրոյի «Ռիո Ցենտրո» կենտրոնում, Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը–հնարավոր տարբերակներ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի աջակցությամբ և մասնակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ներկայացվել է այս ուղղությամբ վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ մասնագետների կատարած մեծածավալ աշխատանքը, որի ակնառու գնահատականներից մեկն էլ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակում այս միջոցառման կազմակերպմանն արժանանալն էր: ԱԳՆ-ից նշում են, որ նմանատիպ համաթվի ձևակերպման փորձերը դեռևս շարունակվում են բազմաթիվ երկրների գիտական, պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից:
Քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական շրջանակների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ և անհատներ:
Միջոցառումը վարում էր ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը՝ հնչեցնելով ՀՀ վարչապետի ուղերձը:
Տեսանյութերով ներկայացվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի և ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների Բրատիսլավայի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդատու Անդրեյ Իվանովի ողջույնի խոսքերը:
Կայուն մարդկային զարգացման համաթվի ձևավորման հայաստանյան փորձը ներկայացրել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որից հետո ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը ներկայացրել է համաթվի հաշվարկման մեթոդոլոգիան, դրա բաղադրիչները, ինչպես նաև Հայաստանի համար կատարված հաշվարկներն ու արդյունքները:
Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի բնապահպանական իրագործման գործակցի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Անգել Հսուն ներկայացրել է կենտրոնում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ իր հերթին բարձր գնահատականի արժանացնելով հայ մասնագետների աննախադեպ ձեռքբերումները:
Ելույթներից հետո քննարկում է ծավալվել: Իրականացված աշխատանքը բարձր են գնահատել նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԶԾ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և գիտնականները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա