Հայաստանում ապաստան և փախստականի կարգավիճակ ստանալու հայցով դիմել է սիրիահայ 6 ընտանիք
Սիրիահայերի դիմումները ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն շատ արագ է քննարկում: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
Նշենք, որ այսօր կառավարության շենքի մոտ անցկացվեց երթ` սիրիահայերի հայրենադարձությունը պատշաճ կատարելու պահանջով:
Գ.Եգանյանի խոսքերով՝ մինչ օրս Հայաստանում ապաստան և փախստականի կարգավիճակ ստանալու հայցով դիմել է սիրիահայ 6 ընտանիք` 14 անդամներով: «Նրանց դիմումներն և այն ինչ սահմանված է օրենսդրությամբ շատ արագ լուծում են ստանում»,- ասաց նա՝ ներկայացնելով նախատեսվող քայլերը: Մասնավորապես` քննարկվում է, թե ինչպիսի սոցիալական աջակցություն նրանք պետք է ստանան:
Գ. Եգանյանը հայտնեց, որ կա հատուկ պետական կացարան, որտեղ նրանք տեղավորվում են դիմումների քննարկման ընթացքում: «Այնտեղ կեցությունը տեղի է ունենում պետական ֆինանսավորմամբ: Կացարանում ունենք 41 մահճակալ: Եթե հոսքը կավելանա` մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները»,- նշեց Գ.Եգանյանը` հավելելով, որ եթե կարիք լինի՝ ծածկով ապահովելու համար ևս 20 ընտանիքի ընդունելու հնարավորություն կունենան:
Հարցին, թե Սիրիայից մեծ հոսք էր սպասվում, ինչ տեղի չունեցավ, ո՞րն է դրա պատճառը, նա պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, տարբեր պատճառներ կարող են լինել: Կարող է մարդիկ չեն ուզում, կարող է տեղյակ չեն, որ այդպիսի կարգավիճակ կա, տարբեր հանգամանքներ կարող են լինել, անձն ինքն է դա որոշում»:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ սիրիահայերի հարցը քննարկվել է կառավարության փակ նիստի ժամանակ. «Փակ նիստի ժամանակ եղան այդ հարցադրումները, վարչապետը տվեց հանձնարականներ, առաջիկայում, կարծում եմ, կտեսնենք թե ինչ է արվում»: