Կառավարությունը խաթարում է եզդիների բնական կյանքը. Ամուսնության շեմը Հայաստանում կվերանայվի
«Էդ եզդիների համայնքը երեկ նորից մեզ դիմել է ամուսնության ցենզը նվազեցնելու խնդրանքով», -այսօր կառավարության հերթական նիստում գործադիրի անդամներին տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հիշեցնելով օրենքով ամրագրած այն դրույթը, որի համաձայն Հայաստանում այսուհետև ամուսնանալ թույլատրվում է 18 տարին անցած անձանց:
«Հիմա նրանք մեզ խնդրում են, որ այդ ցենզը իջեցնենք 16 տարեկան, ընդ որում, ինձ զեկուցել են, որ Ռուսաստանում մինչև 14 տարեկան (հավանաբար պարոն Սարգսյանը նկատի ունի թույլատրվում է ամուսնություն 14 տարին լրացած անձանց-թղթ. ) թույլատրում են, որ տեղի ունենան ամուսնություններ և այդպիսի օրենսդրական սահմանափակումներ չկան: Երևի անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ քննարկել այս հարցը»,-հայտարարել է վարչապետը` հանձնարարելով առողջապահության, կրթության, գիտության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը ևս մեկ անգամ անդրադառնալ այդ խնդրին:
«Եթե իրական կյանքում ամուսնությունները տեղի են ունենում, մենք խաթարում ենք այդ մարդկանց իրենց բնականոն կյանքի կազմակերպման ընթացքը, միջամտում կենցաղի մեջ և ստեղծում բարդույթներ նրանց համար և առաջարկում եմ քննարկել այս հարցը: Լա՞վ», -նկատել է վարչապետ Սարգսյանը և հարցը համարվեց փակված: