«Հավատարմագրված լրագրողների աշխատանքը կազմակերպվել է ըստ հավատարմագրման կանոնների»
ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը:
«Արձագանքելով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությանը, ըստ որի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմն իբր արգելել է մի շարք տեղական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցել հարցազրույցի, հարկ ենք համարում նշել, որ այդ լրատվամիջոցները, ինչպես և կարգն է, դիմել և հավատարմագրվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած աշխատանքային այցի լուսաբանման համար: Ավելին՝ նշյալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նախագահի այցի ծրագրի և դրա շրջանակներում տեղի ունենալիք միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեղեկանքներ են տրամադրվել, հարցազրույցներ կազմակերպվել` պատասխանատուների հետ: Հավատարմագրված լրագրողներն առանց խտրականության հնարավորություն են ունեցել լուսաբանել ՀՀ Նախագահի մասնակցությամբ միջոցառումները:
Միաժամանակ, ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը այցի ավարտին հաղորդագրություն է տարածել և ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում տեղադրել է հանրապետական առաջատար մի քանի հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին ՀՀ Նախագահի պատասխանների տեքստային և վիդեո տարբերակները:
Ճեպազրույցը տեղի է ունեցել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» փոքրիկ նախասրահում, հետևաբար՝ բուժվողներին հնարավորին քիչ անհանգստացնելու նպատակով և տարածքի սահմանափակության պատճառով մի քանի կարճ հարցեր տալու հնարավորություն են ունեցել միայն հանրապետական հեռարձակում ունեցող մի քանի հեռուստաընկերությունների լրագրողներ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին խնդրում ենք ավելի ուշադիր ծանոթանալ ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կանոններին և հավատարմագրված լրագրողի գործունեության կազմակերպման հիմնադրույթներին, որով և առաջնորդվել է ՀՀ Նախագահի աշխատակազմը` հավատարմագրված լրագրողների աշխատանքը կազմակերպելիս»:
Նախորդիվ`
Խտրականություն լրագրողների նկատմամբ. «Ասպարեզը» դատապարտում ու պահանջում է քրեական գործ հարուցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան