Կովալենկո Շահգալդյանը Նիկոլի մասին հասցրել է որոշ ճշտումներ անել
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը չի հերքում, որ հետաքրքրված է եղել Նիկոլ Փաշինյանի «գաղութի կյանքով, բայց հակառակ պատգամավորի սպասումների, նա արդեն հասցրել է պարզել ամեն ինչ: Այս մասին Panorama.am-ին ասաց Կոտայքի մարզպետը` անդրադառնալով այսօր Փաշինյանի բլոգում կատարած գրառմանը:
Ըստ ՀԱԿ պատգամավորի գրառման, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին ԱԺ մուտք գործելու համար անցագիր է իջեցրել: Այսինքն` Կոտայքի մարզպետը վաղը ժամը 09.30-ին կարող է այդ անցագրով հանգիստ մուտք գործել Ազգային Ժողովի տարածք, Փաշինյանին տալ իրեն հետաքրքրող հարցերը:
«Ինձ ինչ հարց կար, ինչ հետաքրքրել է, ես արդեն առանց իրա պարզել եմ»,-ասաց Շահգալդյանը: Հարցին, թե ինչ է նա հասցրել պարզել, մարզպետը կես կատակ- կես լուրջ ծիծաղով պատասխանեց. «էդ արդեն հեռախոսով ասելու բան չի: Իսկ, եթե Նիկոլը ցանկություն ունի ինձ հետ հանդիպում ունենալու, խնդրեմ ես իմ աշխատավայրում եմ, կարող եմ իրան հավուր պատշաճի դիմավորել»:
Հետաքրքրվեցինք, արդյոք մարզպետը հավուր պատշաճի ասելով նկատի ուներ չինովնիկներին բնորոշ ճոխ պատրաստություն տեսնելով ընդիմադիր պատգամավորի պատվին ընդունելություն կազմակերպելը` ասաց.«Չէ, ես իրեն կընդունեմ` որպես ԱԺ պատգամավորի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից վաղը ԱԺ մուտք գործելու համար իր անունով իջեցրած անցագրին, մարզպետը քմծիծաղով ասաց.
«Այդ, մեղմ ասած, չտեղեկացված պատգամավորին ուզում եմ հիշեցնել, որ ես իմ մարզպետի վկայականով երբ ուզեմ ԱԺ մուտք կգործեմ, ում ուզեմ կհանդիպեմ, այնպես որ իրա կամ որևէ մեկի անցագրի կարիքը ընդհանրապես չունեմ: Իսկ իրան հանդիպելու ցանկություն իսկապես չունեմ, էլի ասեմ, եթե ինքն ունի, խնդրեմ, պատրաստ եմ»:
Մարզպետին հարցրինք` ունե՞ր լրագրողի մոտ գլուխը գովելու կարիք` ասելով, որ իրեն հետաքրքրել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իրեն դրսևորել ազատազրկման վայրում, պատասխանեց.
«Ես իմ գլուխը գովելու կարիք չունեմ , Նիկոլը չգիտեմ, բայց գոնե ինձ ճանաչողները դա լավ գիտեն»: