Եվգենի Կիսսինի հայերեն արտասանած «ցավդ տանեմ»-ն ու իրականացված երազանքի մասին
«Ցավդ տանեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվելով Հայաստանում ստացած իր տպավորությունների մասին, ասաց աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմմի մրցանակակիր Եվգենի Կիսսինը: «Միայն շնորհակալությունը քիչ է, չի կարող արտահայտել այն զգամունքները, որ ես ստացա ձեր երկրում: Այդ պատճառով ես կասեմ հայերն` ցավդ տանեմ, որն ամեն ինչ ասում է»,- հավելեց դաշնակահարը:
Նշենք, որ Ե. Կիսսինը Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում: Նրա մենահամերգը կայացել է սեպտեմբերի 27-ին: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Տաղանդավոր արվեստագետը բավականին դժվարությամբ էր կիսվում իր տպավորությամբ, քանի որ ինչպես ինքն ասաց, «երբ «ուժեղ տպավորություններ եմ ունենում, չեմ ուզում խոսել»: Նա Հայաստանը համեմատեց երաժշտության հետ. «Ինչպես երաժշտության մասին բառերով հնարավոր չէ ադեկվատ խոսել, այնպես էլ Հայաստանում ստացած իմ տպավորությունների մասին»: «Ես եղել եմ աշխարհի շատ երկրներում, բայց այնպես, ինչպես այստեղ են ինձ ընդունել, ոչ մի տեղ երբեք չի եղել: Ես այդ մասին sms հաղորդագրություններ են ուղարկում նաև իմ ընկերներին»,- ասաց Ե. Կիսսինը: Նա նշեց, որ ինքը դեռ վաղ հասակից գիտեր կովկասյան, հատկապես հայկական հյուրընկալության մասին, բայց այնուամենայնիվ, «ես չէի կարող սպասել այն, ինչ տեղի ունեցավ իմ կյանքում այս օրերի ընթացքում, որ ես անցկացրեցի Հայաստանում»:
Դաշնակահարը ներկայացրեց այն մրցանակները, որ արժանացել է Հայաստանում: Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում նա հանդիպել է արվեստագետների հետ, ստացել պարգևներ: Ե. Կիսսինին շնորհվել է Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ֆ. Նանսենի հիմնադրամից` «Գթասրտության ասպետ» շքանշան, Ակադեմիկոսի կոչում, «Բեթհովենի անվան» արծաթե մեդալ` Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի կողմից: Նա այցելել է նաև Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ ի պատիվ մեծ երաժշտի, մատուցվել է ճաշ` Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի կողմից: Հանդիպման ընթացքում մեծանուն երաժիշտը վերահաստատել է իր ցանկությունն ու պատրաստակամությունը ֆինանսական աջակցություն ցույց տալու «Նվիրիր կյանք» հիմնադրամին` ի նպաստ քաղցկեղով տառապող հայ երեխաների: Նա հույս է հայտնել, որ հիվանդ երեխաների բժշկության կարևոր հոգսը հոգալու ցանկությունը կդառնա ավանդույթ նաև այլ երաժիշտների համար: Ե. Կիսսինը նաև նշեց, որ իրեն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պարգևատրել «Պատվո նշան» շքանշանով:
Նախօրեին Ե. Կիսսինը եղել է Սպիտակ քաղաք, որի պատվավոր քաղաքացու կոչմանն էր արժանացել դեռևս ավերիչ երկրաշարժից հետո` Սպիտակ քաղաքին շարունակական օգնություն ցուցաբերելու համար: Սպիտակում նա երաժշտական դպրոցի երեխաների խնդրանքով դպրոցի դաշնամուրով կատարել է Շոպենի երկու վալս: Նա գումար է հատկացրել Սպիտակի որոշ քաղաքացիների բժշկական կարիքների համար և խոստացել շարունակել իր աջակցությունը: Նա ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին և ծառ տնկել եկեղեցու բակում: Արվեստագետը եղել է նաև Վանաձորում:
Ե. Կիսսինը նշեց, որ Ս. Փարաջանովի տուն-թանգարանում ներկայացված ցուցանմուշները թեև շատ արագ է նայել, բայց հիացած է ու զարմացած, թե ինչքան անսահմանափակ կարող է լինել մարդկային ստեղծագործական պատկերացումները: «Երբեք նման բան չէի տեսել արվեստի ոչ մի տեսակում»,- ընդգծեց նա:
«Աշխարհում կան տեղեր, որտեղ շատ եմ ուզում լինել, բայց ուղղակի ինձ այդպիսի հնարավորություն չի ընձեռվել: Ես երազում էի լինել նաև Հայաստանում: Հաշվի առնելով այնպիսիս բարդ ժամակաները, որ ապրում էր հայ ժողովուրդը վերջին տարիներին, հասկանալի է, թե ինչու չկար այդ հրավերը: Ես վերջապես ստացա այդ հրավերը: Այժմ շատ երջանիկ եմ, որ իմ ցանկությունը, իմ երազանքը կատարվեց այն էլ ինչպես կատարվեց: Միայն մի բանի համար եմ ցավում, որ չգիտեմ հայոց լեզու»,- ասաց աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսսինը:
Ե. Կիսսինը ասուլիսի ավարտից հետո գնաց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Նա այցելելու է նաև Բյուրական` «Հեռանկարներ» փառատոնի Ակադեմիա:
Ե. Կիսսինը Հայաստանում եղել է 1984 թ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո դաշնակահարը բազմաթիվ բարեգործական համերգներ է տվել, որոնց ողջ հասույթը տրամադրել է երկրաշարժից տուժածներին:
Նախորդող նորություններ` Սերժ Սարգսյանը Կիսինին պարգևատրել է Պատվո շքանշանով
Գրեմմի մրցանակակիր Եվգենի Կիսսինը Հայաստանում է
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսսինը հայերին շատ է սիրում, իսկ թուրքերի հրավերը չի ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում