Кarabakhrecords.info. Պատասխան ադրբեջանական ստին, խեղաթյուրումներին` «մեզ բնորոշ ձևով»
Առաջին անգամ համակարգված ձևով համացանցում է հայտնվում 1987-1992 թթ. Սովետական Ադրբեջանում և Արցախում կատարված հայերի ջարդերի, բռնի տեղահանությունների դեպքերի վերաբերյալ լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, հետաքննության և դատական գործընթացների նյութեր, տեսագրություններ, ականատեսների և տուժածների վկայություններ, միջազգային կազմակերպությունների և փորձագետների գնահատականներ, ինչպես նաև տվյալ թեմայի վերաբերյալ մամուլի հրապարակումներ ու գրքեր։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Այդ ամենը տեղադրված է Кarabakhrecords.info ինտերնետային կայքում, որի շնորհանդեսը կայացավ այսօր:
Նշենք, որ Кarabakhrecords.info ինտերնետային կայքը ստեղծված է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է 2009թ. նոյեմբերից ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։ Այս ընթացքում ստեղծվել է չորս փաստագրական ֆիլմ՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի դեպքերի և «Օղակ» գործողության մասին, որոնք թարգմանվել են մի քանի լեզվով։
«Այս կայք ոչ թե քարոզչական, այլ պատմական բնույթ ունի: Ներկայացնում է այն իրողությունը, որի մասին Հայաստանում էլ քչերը գիտեն: Կայքի միջոցով մենք ադրբեջանական ստին, խեղաթյուրումներին պատասխանում ենք մեզ բնորոշ ձևով` փաստաթղթերով»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Նա նշեց, որ կայքում տեղադրված նյութերը, լուսանկարները անցել են խստագույն ստուգում ու համոզված են, որ այդ նյութերը վերաբերում են տվյալ դեպքին, տվյալ ժամանակաշրջանին: «Ունենք սենսացիոն հայտնագործություններ, որոնք ամբողջությամբ ցրում են ադրբեջանական հորինած առասպելը»,- ընդգծեց նա:
«Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանը, ով իր մասնակցությունն է ունեցել կայքի ստեղծմանը, ներկայացրեց կայքի կառուցվածքը: Նյութերը բաժանված են հինգ կատերգորիաների, տարբեր լեզուներով են: Կայքը պարբերաբար թարմացվելու է։ «Գործը շարունակական է: Մեր ունեցած արխիվը ներկայացրել ենք ընթերցողին այն լեզվով, ինչ լեզվով որ կա: Ժամանակի ընթացքում դրանք կթարգմանվեն»,-ասաց նա:
Նախորդող նորություն` Այսօր կկայանա Кarabakhrecords.info ինտերնետային կայքի շնորհանդեսը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան