Հալեպում հայ է սպանվել, ևս մեկը առևանգվել է
Այսօր Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից հայ է սպանվել: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հաղորդմամբ, պարզվել է նրա ինքնությունը, զոհվածը 1968 թ. ծնված Վարդան Խաչատրյանն է:
Այսօր Սիրիայի Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում առևանգել են ևս մեկ հայի` Սաքո Կոզանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի մոտակայքում պատանդ վերցվածների թվում 7 հայ կար: Որոշ տվյալների համաձայն, նրանք ողջ և առողջ են: Պատանդ ընկած հայերի թվում էին Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ: Ըստ լուրերի, Ջորջ Ռաբաթին ազատ են արձակել:
Սիրայում տիրող պատերազմական իրավիճակի ողջ ընթացքում սպանվել են ավելի քան 3 տասնյակ հայեր:
Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թեմական ներկայացուցչական ժողովին ելույթ ունենալով, նշել էր. «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում: