Ու՞ր է հասել քաղաքապետարանը կիսակառույցների հարցով. Նարեկ Սարգսյանը թվարկում է
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ավելի քան երկու ամիս առաջ հանդիպեց լրագրողների հետ, տեղեկացնելով, որ այն կառուցապատողները, ովքեր տարածքներ ունեն Երևանի կենտրոնում ու շինաշխատանքները կիսատ են թողել կամ ընդհանրապես որևէ աշխատանք չեն կատարել, պետք է քաղաքապետարան ներկայացնեն շինարարական ներդրումային կառուցապատման հստակ ծրագրեր, այլապես այդ տարածքները կճանաչվեն գերակա շահ: Այսօրվա ասուլիսում նա արդեն ներկայացրեց արդյունքները:
Նարեկ Սարգսյանի խոսքով, նախկին Սևան հյուրանոցի սեփականատերերի հետ քննարկումներ են ընթանում, քանի որ հյուրանոցի անմիջապես հարևությամբ առաջիկայում կսկսվի վարչական շենքերի նոր համալիրի կառուցում: Առաջին պլանում ԱԳՆ շենքն է, իսկ հետևի պլանում ևս երկու նախարարության շենք: Այս ծրագրերն իրականացնելու համար պայմանավորվածություն ունեն հյուրանոցի սեփականատիրոջ հետ ու կառուցապատման ծրագիր են մշակում:
Վարչական շենքի կառուցման աշխատանքները մասնակիորեն սկսված են, Սևան հյուրանոցի տարածքում սկսելու են հողային աշխատանքներ: Զուգահեռ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հյուրանոցի սեփականատիրոջ կողմից արագացվեն նախագծերի մշակումը` համաձայն քաղաքապետարանի կողմից տրված չափանիշների:
Բացի ԱԳՆ շենքից, նախատեսվում է այդտեղ տեղակայել նաև արդարադատության ու էներգետիկայի նախարարությունները: ԱԳՆ ներկայիս շենքը զբաղեցնում է 7500 քմ տարածք, կառուցվելիք շենքն ունենալու է 14 000քմ, 6 հարկ, իսկ հետևի պլանի շենքերը կունենան 9 հարկ:
«Երիտասարդական պալատի» տարածքը պատկանում է «Ավանգարդ Մոթորս»-ին, որի սեփականատերն Էդվարդ Ավետիսյանն է: «Երիտասարդական պալատի» շուրջ 4,5 հա տարածքը «Ավանգարդ Մոթորս»-ը մրցույթով գնել է 2010-ին:
Ճապոնական նախագծով պետք է կառուցվեր հյուրանոցային համալիրով InterContinental միջազգային բիզնես կենտրոնը, որը ներառելու էր նաև բնակելի շենքեր: Ըստ այդ նախագծի լինելու էր երկու մասնաշենք` 150 մ և 90 մ բարձրությամբ, սակայն, Նարեկ Սարգսյանն ասաց, որ քաղաքապետարանը թույլատրել է 120 մ և 70 մ բարձրությամբ շենք կառուցել:
Կառուցապատողը սակայն դժգոհություն է հայտնել` ցանկանալով նախնական պայմանավորվածությունն իրագործել: «Բայց մենք չենք ավելացնելու»,- ընդգծեց Երևանի գլխավոր ճարտարապետը` հավելելով, որ այժմ բանակցություններ են գնում նախագիծը փոփոխելու հարցում:
«Դվին» հյուրանոցի վերաբերյալ Նարեկ Սարգսյանը շատ բան չասաց, նշելով, որ կառավարությունն է վարում բանակցությունները առաջիկայում շինարարությունը սկսելու վերաբերյալ:
Քաղաքապետարանը «արդյունավետ» աշխատանք է ունեցել Կասկադ համալիրի ներկայացուցիչների հետ: Ն. Սարգսյանն ասաց, որ ինքը առաջարկել է սեփականատիրոջն անպայման հաշվի առնել Կասկադի հին նախագիծը:
Աբովյան փողոցի 5/5 հասցեում գտնվող և «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող կիսակառույց շենքը հետևի մասից նախնական նախագծով պետք է ունենար 18 հարկ, սակայն այժմ քաղաքապետարանն առաջարկել է հրաժարվել նման բարձրության շենք կառուցելուց` հաշվի առնելով կենտրոնի նոր չափորոշիչները: Այժմ, Ն. Սարգսյանի խոսքով, պետք է նախագիծը փոփոխվի ու ներդրողների հետ քննարկումներ են ընթանում: Գլխավոր ճարտարապետն ասաց, որ դրական տեղաշարժ կա, մի քանի ամսից կլինի նոր նախագիծ, կներկայացվի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը:
Կայարանամերձ կիսակառույց շենքը, Նարեկ Սարգսյանի խոսքով, քանդվելու է: Այդ ընթացքում կկազմվի նոր նախագիծ: Քննարկվում է, որ ապագա կառուցապատման մեջ հնարավոր լինի վերականգնել Խորհրդային տարիներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը:
Ն. Սարգսյանն ասաց, որ մյուս կիսակառույց շինությունների սեփականատերերի հետ նույնպես քննարկումներ են ընթանում ու փորձում են հասնել խնդրի լուծման: Երևանի գլխավոր ճարտարապետը վերջում հավելեց, որ առաջիկայում 50-ից ավելի հասցեատերերի ևս ծանուցագրեր կուղարկվեն:
Նախորդող նորություն`
«Սևան»-ը` բացօթյա զուգարան, «Կուկուռուզնիկը»` բազալտի հանքավայր. Ովքե՞ր են Երևանն ապամոնտաժողները