Մեծամասնությունը` փոքրամասնություն. Էթիկայի հանձնաժողովում հնարավոր են փոփոխություններ
Կառավարության այսօրվա նիստում դրական եզրակացություն է տրվել ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նրանք փոփոխություններ և լրացումներ են առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում: Նախագծի հեղինակները այդ փոփոխություներով մտադիր են Էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատել ԱԺ Էթիկայի հանձնաժողովում:
Կառավարության այսօրա մեկ այլ որոշմամբ, այս օրինագիծն ընդգրկվել է դեկտեմբերի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ։
Բանն այն է, որ Էթիկայի հանձնաժողովում խորհրդարանական կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները հայտնվել են փոքրամասնության կարգավիճակում, քանի որ ԱԺ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները սովորաբար միակարծքի են լինում: ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն առաջարկող Հանրապետական պատգամավորները Էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու համար առաջարկում են ամրագրել, որ որոշումներն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմ քվեարկեն ոչ իշխանական և իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ:
Նկատենք, որ գործող կանոնակարգ-օրենքով, հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Պատգամավորներն առաջարկում են գործող օրենքում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով:
Բացի այդ, ըստ նախագծի փոփոխություններ կլինեն նաև Էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգում: Այսինքն, եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով: Այդպիսով, առաջարկվում է հետևյալը. եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին:
Եվ եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին: Այսինքն, երբ ոչ իշխանական խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է իշխանական խմբակցությունների ընդհանուր թվից երկուսով, ապա այդ կկիրառվի հանձնաժողովի կազմը համալրելու նշված սկզբունքը. այդ տարբերությունը կազմող տեղերում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը կպատկանի իշխանական խմբակցություններին: