Ադրբեջանի Իսմայիլլի շրջանի բնակչությունը իշխանության կամայականությունների դեմ բողոքի ցույց է կազմակերպել
Հունվարի 23-ի երեկոյան Ադրբեջանի Իսմայիլլի շրջանի բնակչությունը բողոքի ցույց է կազմակերպել: Ինչպես նշում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, շրջանի զայրացած բնակիչները հարձակվել են «Չիրագ» հյուրանոցի վրա, ջարդ ու փշուր արել դռները, լուսամուտներն ու ապակիները և հրդեհել այն: Զայրացած ամբոխը հրդեհել է նաև հյուրանոցի առջև կանգնած մի շարք ավտոմեքենաներ: Նրանք պահանջել են շրջանի ղեկավարի հրաժարականը և շրջանում կամայականությունների դադարեցմանը:
Բնակչությունը «Չիրագ»-ում տեղի ունեցող անբարոյականությանը վերջ դնելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ներկայացրել գործադիր իշխանությանը, սակայն, նրանց բողոքներին նշանակություն չի տրվել: Իսմայիլլի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքբերովի եղբայրը` Նիզամի Ալեքբերովն է: Բնակչության նման զայրույթի պատճառ է դարձել այն, որ հյուրանոցի տերը` Էմիլ Շահմարդանովը հարբած վիճակում ավտոմեքենայով հարվածել է էլեկտրական սյանը, հետո` կայանած բեռնատարին, ինչն առաջացրել է շրջակայքի բնակչության դժգոհությունը: Հյուրանոցի տերը անվայել արտահայտություններ է թույլ տվել բնակիչների հասցեին: Նրան միացել է նաև այդտեղ գտնվող նախարարի որդին` Վուգար Ալեքբերովը:
Հյուրանոցի մոտ հավաքված մոտ 3000 մարդիկ հարձակվել են նաև գործադիր իշխանության ղեկավարի առանձնատան վրա, ջարդուփշուր արել կալվածքում գտնվող մեկ հարկանի շենքի դռներն ու պատուհանները: Վրա հասած ոստիկանական ջոկատներին չի հաջողվել կանխել տան հրդեհումը:
Զայրացած ամբոխը թույլ չի տվել հրշեջներին հանգցնել այրվող հյուրանոցը, տներն ու մեքենաները, որոնք մոխիրի են վերածվել: Ադրբեջանի իշխանությունները շրջան են մտցրել ներքին զորքերի լրացուցիչ ուժեր: Շրջկենտրոնում տեղի ունեցած ակցիան ոգևորել է Իսմայիլլիի և հարակից շրջանների` իշխանությունների ապօրինություններից և կամայականություններից դժգոհ բնակչությանը, որը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները: