Իրանը պատրաստ է համագործակցել հայ գիտնականների հետ` մզկիթի և թառի ծագումնաբանության հետ կապված
Իրանը պատրաստ է համագործակցել հայ գիտնականների և փորձագետների հետ` Երևանում իրանական մզկիթի և իրանական թառի՝ ծագումնաբանության մասին փաստերի ներկայացման շուրջ: Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեյիսին, անդրադառնալով նշված մշակութային արժեքների՝ Բաքվի կողմից ադրբեջանական ներկայացնելու փորձին:
«Մենք պատրաստ ենք համագործակցել այդ հարցում հայկական գիտնականների հետ: Որոշ խնդիրներ կան, իհարկե պատմական ճշմարտության հետ կապված: Պետք է հիշել, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականին, իսկ թառը դարերի պատմություն ունի»,- ասաց նա:
Դիվանագետը նաև նշեց, որ անտարակուսելի է Երևանի Կապույտ մզկիթի՝ իրանական ծագումը: Նա նաև գոհունակությամբ նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցություն է ծավալվում՝ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում մզկիթի ներառման հետ:
Նա նաև անդրադարձավ Բաքվի կողմից՝ Իրանի Ատրպատական նահանգի նկատմամբ նկրտումներին, կրկին ասելով, որ մինչև 1918 թվականին նման երկիր գոյություն չի ունեցել: «Այդ նահանգների բնակչությունը գերազանցում է ներկայիս Ադրբեջանի բնակչությունը մի քանի անգամ, և նման հավակնություններն անհեթեթություն են»,-ասաց նա: