Չինարիում հակառակորդի կրակոցներից երեխաները սթրեսի մեջ են եղել. այժմ գյուղում արտակարգ վիճակ է
Տավուշի մարզի Չինարի գյուղում փետրվարի 12-ին ողջ ցերեկվա ընթացքում իրավիճակը լարված է եղել, հակառակորդի կողմից պարբերաբար կրակոցներ են հնչել գյուղի տների ուղղությամբ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ այժմ կրակոցները դադարել են, փոխարենը դրանց ձայնը լսվում է Այգեպար ու Մովսես գյուղերի ուղղությամբ:
Նրա տեղեկացմամբ, այսօրվա ընթացքում գյուղի տների ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով մարդկային կյանքերին վնասներ չեն եղել, բայց վնասվել է բնակիչների գույքը. գյուղացիներից մեկի մեքենան օրինակ, որի մեջ եղած անչափահաս երեխաները ծանր վիճակի մեջ են հայտնվել, «հիմա սթրեսի մեջ են, նրանցից մեկն հիմա անկողնում պառկած է, ծանր է տարել»:
Բացի այդ, դիպուկահարի կրակոցից վնասվել ու պայթել է գյուղամիջով անցնող գազի խողովակը, գյուղի գազամատակարարումը, ըստ Սաղոյանի, ժամանակավորապես դադարեցվել է, բայց այժմ գյուղում գազ կա:
«Փառք Աստծո, հիմա դադարել են կրակոցները, էս գիշեր չենք քնելու, արտակարգ իրավիճակ է գյուղում, ջահելները հենա գյուղում ման են գալիս: Դուք ոչինչ ըտեղ զբաղվեք քաղաքականությամբ, մենք ստեղ սահմանը կպահենք», -մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: