Էջմիածնում ֆիզկուլտի ուսուցիչը ստիպել է երեխային «այծիկ» թռնել. երեխան այժմ սթրեսի մեջ է
Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել. 12-ամյա աշակերտուհի Մարիամ Ասլանյանին, որի ինքնազգացողությունը վատ է եղել, ֆիզկուլտուրայի դասին ստիպել են «այծիկ» թռնել, ինչի հետևանքով երեխան այժմ հիվանդանոցում է:
«Երեխայի մոտ ֆիզիկական խնդիրներ են եղել ու գլխապտույտ է ունեցել և ֆիզկուլտուրայի ուսուցչին խնդրել է, որ չթռնի այծիկի վրայով, սակայն ուսուցիչը ստիպել է թռչել: Գործողությունն անելու պահին, երեխան հետո պատմում էր, որ գլխապտույտ է ունեցել և չի կարողացել թռչել, այծիկի վրայից թռել է, անհարմար ընկել է, ինչի հետևանքով ձեռքը կոտրվել է», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց 12-ամյա աշակերտուհու մորաքույրը` Հայկուշ Ասլանյանը:
Նրա խոսքով, երեխային առաջին օգնություն ցուցաբերվել է ընդամենը թևին թրջոց դնելով, որից հետո թիվ 4 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրանտ Գալստյանը, այնուհետև` 7-րդ դասարանի դասղեկ Անի Մկրտչյանը շարունակել են դասը: «Երեխային հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, նստեցնում են պատահական տաքսի ու ուղարկում են տուն: Երեխեն հասել է տուն, տաքսուց իջել է ու ուշագնաց եղել»,- պատմում է մորաքույրը` նշելով, որ տանը նայելով ձեռքի ուռածությանը հասկացել են, որ կոտրվածք է: Անմիջապես տեղափոխել են պոլիկլինիկա, հետազոտել են և ասել են, որ պետք է վիրահատել: Էջմիածնի բժիշկները, Հայկուշ Ասլանյանի խոսքով, հրաժարվել են վիրահատել ու երեխային ուղեգրել են Սբ. Աստվածամայր մանկական բժշկական կենտրոն:
Երեկ երեկոյան երեխան մեկ ժամ ծանր վիրահատության է ենթարկվել: Մորաքրոջ խոսքով, կոտրվել է 12-ամյա Մարիամի ձեռքի արմունկը և որոշ հյուսվածնքեր են վնասվել:
Մորաքույրն ասում է` երեխան այժմ սթրեսի մեջ է ու չի կարողանում հարցերի պատասխանել: «Ես այսօր գնացել եմ դպրոցի տնօրեն Արուս Մուրադյանի մոտ, որ հասկանամ ինչու են նման վերաբերմունք դրսևորել երեխայի նկատմամբ, հետևողական չեն եղել, տնօրենն ինձ ասում է` էդ էլ մեր էշության պատասխանն է՞ ...եթե էդպես ա ձեր երեխային դպրոցից կհանեք», -վրդովված էր երեխայի մորաքույրը:
Նրա համար տարօրինակ է` ինչո՞ւ դպրոցի ղեկավարությունը չի գիտակցում, որ երբ դեպքը տեղի է ունեցել դասերի ընթացքում, ապա պատասխանատվությունը ամբողջությամբ իրենց վրա է ու պետք է հետևողական և ուշադիր լինեն երեխաների նկատմամբ:
Panorama.am-ը փորձեց դպրոցի ղեկավարությունից պարզաբանումներ ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան էին մնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները