«Արմավիա». Բեյրութի կողմից «Արմավիա»-ի օդանավի չընդունելը անօրինական է
«Արմավիա»-ի օդանավը տեխնիկական խնդիրներ չունի, այն անցել է С -chek (տեխնիկական սպասարկման տեսակ) և նոր է վերադարձել արտերկրից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Արմավիա»-ի մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:
Նրա խոսքով` Բեյրութի կողմից «Արմավիայի» օդանավի չընդունելը անօրինական է, իսկ օդանավի տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը` ապատեղեկատվություն:
«Այս պահին ՀՀ քաղավիացիայի վարչությունը զբաղվում է տվյալ խնդրով և «Արմավիայում» հույս ունեն, որ ուղևորներով օդանավը շուտով կկատարի թռիչքը»,- հայտնեց Ն.Ավետիսովան` հավելելով, որ ավիաընկերությունը բեյրութական կողմից պահանջելու է ապօրինի հետաձգած թռիչքի դիմաց փոխհատուցում:
Հիշեցնենք, ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Երևան-Բեյրութ գիշերը նախատեսված չվերթը մինչ այս պահը չի իրականացվել, ուղևորների մի մասը ստիպված գիշերել է օդանավակայանում, մի մասը տուն է վերադարձել:
Նախորդիվ` «Արմավիա»-ի ուղևորները գիշերել են օդանավակայանում