«Անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել». Մտերիմները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին
Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները դեռևս ապրիլի 4-ին բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք պահանջում են պարզաբանել, թե ինչու Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները: Hetq.am-ի տեղեկացմամբ, նամակում նշված է.
«2013թ. ապրիլի 4-ի գիշերը Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների՝ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը՝ ինքնաթիռով ժամանել է Հայաստան՝ իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանակում նշելու համար:
Սակայն հայտնում ենք, որ Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում՝ դեռ անհայտ ժամանակով:
Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին՝ հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու՝ անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել»:
Նշենք, որ Ա. Վարպետյանի մուտքն արգելվում է Հայաստան 2002 թվականից:
Աղբյուրը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ալ. Վարպետյանի հետ: Ֆրանսահայ գործիչը ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ իրեն չեն պահում հատուկ կացարանում, այլ ստիպել են սպասել ընդհանուր սպասասրահում՝ երկաթե աթոռների վրա: Նրան նախ ասել են, որ Ստամբուլից ժամանած նույն ինքնաթիռով պետք է հետ վերադառնա, սակայն հրաժարվել է: Այդուհանդերձ, հաջորդ չվերթի ժամանակ՝ կիրակի օրը, Ալ. Վարպետյանը ստիպված է հեռանալ Հայաստանից: Գործիչը ենթադրում է, որ թերևս ՀՀ նախագահը տեղյակ չէ խնդրից, և անհրաժեշտ է այդ մասին բարձրացրած աղմուկով տեղյակ պահել նրան:
Նախորդող նորություն`Փոստանջյանի հարցումը` Ալեքսանդր Վարպետյանի տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ