Նախարարները չեն ընդունում, որ գնման գործընթացում եղել են չարաշահումներ
«Բոլոր գերատեսչություններում պետական գնումների գործընթացում հնարավոր են ընթացակարգային շեղումներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով պետական գնումների ոլորտում արձանագրված չարաշահումներին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը անդրադառնալով գնումների գործընթացին՝ նշել է, որ վերահսկող մարմինները հայտնաբերել են՝ պետական գնումների միջոցով ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթում լինում է ավելի բարձր, քան այդ ապրանքը կարող են գնել խանութում: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ նախարարներն անձնական պատասխանատվություն են կրելու չարաշահումների համար:
Երբ լրագրողները Ա.Աշոտյանից հետաքրքրվեցին, թե իր ղեկավարած ոլորտում եղել են չարաշահումներ, նա պատասխանեց. «Չարաշահումների մասին խոսք գնալ չի կարող: Անցած տարի Վերահսկիչ պալատը մեր նախարարությունում իրականացրել է լայնածավալ ստուգումներ, հայտնաբերվել են թերություններ, որոնց մեծ մասը շտկման ընթացքում են»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն ներկայացրել է իր ղեկավարած կառույցի կողմից պետական գնումների արդյուքները: Դրա համաձայն, ըստ նրա, նախորդ տարի 1 մլրդ դրամի պետգնումների արդյունքում շուրջ 150 մլն դրամ խնայողություններ են ունեցել:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն էլ նշեց, որ գնումների գործընթացի բարելավմանն ուղղված որոշումները նախատեսում են բավականին լուրջ փոփոխություններ: «Սա բավականին լուրջ առաջընթաց է գնումների գործընթացը հստակեցնելու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ բնապահպանության նախարարությունը մեծ գնումներ չի իրականացնում: Ըստ նրա՝ հիմնական գնումները վերաբերում են մաքրման աշխատանքներին, նախարարության համար թուղթ ձեռք բերելուն:
Հարցին, թե ընդհանրապես ո՞ր գերատեսչություններում են նման չարաշահումներ լինում, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Դուք ինձանցի լավ գիտեք, թե որտեղ ինչ չարաշահումներ են եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները