«Արմավիան» Հանրային խորհրդին «առողջացման» ծրագիր է ներկայացրել
Հանրային խորհրդի կողմից այսօր քննարկվում է «Արմավիայի» սնանկացման պատճառով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես օրակարգում դրված է ընկերության սնանկ ճանաչման հետևանքով պետության հետագա քայլերը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ «Արմավիան» ներկայացրել է առաջարկությունների մի փաթեթ, որը համաձայն փաստաթղթի՝ «կառողջացնի» ընկերության վիճակը: «Սա արմատապես փոխում է իրավիճակը և պարտադրում է մեզ բազմակողմանի քննարկել ներկա խնդիրը», - ասաց նա:
Մասնավորապես՝ «Արմավիան առաջարկում է ավիատոմսերից հանել 10 հազար դրամի՝ օդի համար պետական տուրքը, ստեղծել հավասար պայմաններ, ընձեռել ինքնուրույն ավիացիոն վառելիք ձեռք բերելու հնարավորություն, վերակազմավորել պետբյուջեի նկատմամբ պարտքերն և այլն:
Քննարկման ընթացքում ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը փաստեց, որ «Արմավիային» արդեն իսկ մի քանի անգամ ընդառաջել են թե պետական կառույցներըը և թե մասնավոր, մասնավորապես՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանը, սակայն մինչ օրս հայտնի չէ ընկերության ֆինանսական քաղաքականությունը: Խորհդրի այլ անդամների կողմից նաև մատնանշվեց, որ շատ ուղղությամբ «Արմավիան» մենաշնորհ ուներ, և առաջացած խնդիրները կապված են նրա վատ մարկետինգային քաղաքականության հետ:
«Մենք չենք եկել այսօր դատելու «Արմավիան»: Այս իրավիճակում կա երեք մեղավոր՝ «Արմավիան», պետությունը և «Արմենիա» օդանավակայանը», որից ամեն մեկն առաջնորդվում է իր շահերից: Սա «Արմավիայի» և օդանավակայանի վեճի վայրը չէ»,- ասաց նա:
Իր հերթին ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը նշեց, որ խնդիրը ծագեց արդեն այն ժամանակ, որ հայկական ավիաուղիները վաճառվեցին և մասնավորեցվեցին: «Դրանով մենք կորցրել ենք փոքր ավիացիան, և այժմ կկորցնենք նաև մեծ ավիացիան: Ազգային անվտանգության տեսանկյունից պետական մոտեցումն այս հարցում պետք է խստագույնս լինի», - ասաց նա: Կ.Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ խնդրի խորացման գործընթացին զուգահեռ Հայաստանից կարող է փորձառու օդաչուների արտահոսք լինել: