«Մոսկվայի տան» տնօրենը ներկայացրեց մանրամասները. Չէի ցանկանա Հայաստանում այդպիսի պատգամավորների տեսնել
Նոր մանրամասներ` Նաիրա Կարապետյան - «Մոսկվայի տան» տնօրեն սկանդալային պատմությունից, որոնք այսօր փոքրաթիվ լրագրողներին ներկայացրեց «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը:
Հիշեցնենք, նախօրեին Panorama.am-ը գրել է, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը տնօրենից դիմում է ստացել, որում առաջարկում է շուտափույթ քննարկման առարկա դարձնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը, որը հարիր չէ պատգամավորին:
Նախևառաջ Ա.Թութունջյանը նշեց, թե չէր ցանկանում այս մասին խոսել հրապարակայնորեն և այդ իսկ պատճառով դիմել է Ազգային Ժողովի ղեկավարությանն ու համապատասխան հանձնաժողովի խնդրին լուծում տալու համար: Բայց Panorama.am-ի հրապարակումը, ինչպես նաև դրան հաջորդած պատգամավորի պարզաբանումը, որից նա կրկին իրեն վիրավորված է զգում, ստիպեցին մանրամասն ներկայացնել խնդրահարույց հեռախոսազրույցի մանրամասները և այն, ինչու է ինքն իրեն այդքան վիրավորված զգում: Ավելին` տիկին Թութունջյանը ապրիլի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները վերհիշելիս անընդհատ ստիպված էր խոսքն ընդհատել` հուզվում էր ու անգամ մի պահ արցունքների պատճառով չկարողացավ խոսել:
Նախ, ներկայացնենք «Մոսկվայի տան» տնօրենի նամակը, հասցեագրված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին.
«Հայտնում եմ Ձեզ, որ 18.04-ին հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել. Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»,- մասնավորապես ասված է նամակում:
«Մոսկվայի տան» տնօրենը նաև ներկայացրեց խոսակցության մանրամասները, ըստ այդմ` հոգաբարձուների խորհրդի նշանակման համար Գյումրիի մանկավարժական համալսարանից նրան պետք է զանգահարեր Գայանե անունով մի կին (այդպես էր ասել դեկանը) և քննարկվեր նոր անդամի թեկնածությունը, քանի որ նախկին անդամը երկրում չէ, իսկ միակ պայմանը, որով պետք է կատարվի ընտրությունը նա է, որ թեկնածուն պետք է պարտադիր լինի ռուսերենի մասնագետ: Ժամանակին զանգ, սակայն, չի ստացվում, Ա.Թութունջյանի հանձնարարականով դարձյալ կապվում են Գյումրիի ինստիտուտի հետ, որպեսզի արագացվի գործընթացը և այդ զանգից որոշ ժամանակ անց զանգահարում է մի կին, որը ինչպես պարզվում է ոչ Գայանեն է և ոչ էլ դեկանի տեղակալ ռուսերենի մասնագետը, ինչը պարտադիր պահանջ է. արդյունքում կինը չի ընդգրկվում հոգաբարձուների խորհուրդ: Կինը հետաքրքրվում է, թե ովքե՞ր պետք է ներկայանան նիստին, կրթաթոշակ ստացողների անունները և քննարկելով որոշ այլ մանրամասներ` հեռախոսազրույցն ավարտվում է.
«Մեր այդ զրույցի ժամանակ աշխատասենյակումս ներկա է եղել աշխատակիցներից մեկը, ինչպես նաև դուռը բաց էր և գործավարուհիս ևս լսել է մանրամասները»,- տեղեկացրեց Ա.Թութունջյանը:
Շարունակելով պատմել, նա տեղեկացրեց, որ որոշ ժամանակ անց նա դարձյալ հեռախոսազանգ է ստանում, սկզբում շատ վատ է լսում, բայց կտրտվող ձայնը տեղեկացնում է, որ իր հետ զրուցում է ԱԺ պատգամավոր: Տնօրենը նշեց, որ այդ պահին նա նույնիսկ չի լսել ներկայացածի անուն-ազգանունը, դա ճշտել է ավելի ուշ.
«Խոսակցության առաջին րոպեներից առկա էր լարվածություն… նա ինձ ասաց, որ ես վիրավորել եմ իր մայրիկին, ինչին ես արձագանքեցի, թե դա հնարավոր բան չէ: Ես ասացի` դուք կարող եք պատկերացնել, թե ես վատ եմ խոսել այդ կնոջ հետ, ինչին պատգամավորը կոպտորեն ինձ միջամտեց` ոչ թե այդ կնոջ, այլ` այդ հարգելի կնոջ…. Ես չեմ ուզում փոխանցեմ այդ վրվովեցուցիչ խոսակցության մանրամասները, որոնք ինձ հիմա էլ ցավ են պատճառում, բայց նա պահանջում էր, որպեսզի ես հենց այդ պահին զանգահարեմ մորը, ներողություն խնդրեմ, որովհետև, իբրև թե, ո՞վ եմ ես, որ նրան վիրավորեմ: Ինձ, բնական է, դուրեկան չէր այն տոնը, որով նա ինձ հետ խոսում էր` ես երիտասարդ կին չեմ և ասացի այդ մասին, բայց նշեցի նաև, որ եթե ես մեղավոր եմ, ապա անպայման ներողություն կխնդրեմ: Բայց ես պետք է իմանամ ինչի՞ համար եմ ես ներողություն խնդրում: Սրան ի պատասխան նա գոռաց` ա~խ, դու դեռ պետք է ճշտես…. Դրան հաջորդեցին շատ ու շատ տհաճ բաներ, տհաճ խոսակցություն էր բարձր ու կոպիտ տոնայնությամբ` նա գոռում էր, թե ով եմ ես, ով է ինձ նման իրավունք տվել, և ով է ինձ իրավունք տվել զանգահարել մորը, մինչդեռ ես բացատրում էի, որ ես չեմ զանգահարել, հետո վրդովվում էր, թե ով եմ ես, որպեսզի որոշեմ, ով է լինելու թեկնածուն… Նա անգամ հայտարարեց, թե ես նման պահվածքով հարվածի տակ եմ դնում հայ-ռուսական հարաբերությունները…»,- հուզված վերհիշեց տիկին Թութունջյանը:
Հաջորդ օրը նա որոշել է դիմել Ազգային Ժողովի ղեկավարությանը, մինչ այդ խնդրել է անվտանգության աշխատակցին, գուցե ձայնագրությունը կա հեռախոսազանգի, սակայն ցավոք չի եղել: Սկզբում նույնիսկ չի հավատացել, որ իր հետ նման կերպ խոսացողը կարող է իսկապես պատգամավոր լինել ու ճշտել է Գյումրիի ինստիտուտի ռեկտորատից` արդյո՞ք իրեն զանգահարած կնոջ դուստրը պատգամավոր է: Եվ ահա այսօր էլ ծանոթացել է Նաիրա Կարապետյանի մեկնաբանությանը, որում վերջինս ներկայացրել է, թե տնօրենն է իր հետ նման կերպ խոսել ….
Հավելենք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովից վիրավորված տնօրենը սպասում է խնդրի անաչառ քննություն և ոչ թե պատգամավորը նրանից ներողություն խնդրի, այլ հետագայում այլևս նման կերպ իրեն թույլ չտա ինչ-որ մեկի հետ խոսել:
Նախորդիվ` Ի՞նչ է իրականում տեղի ունեցել կանանց միջև. Ն.Կարապետյանը Ստրասբուրգից հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները