Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում. Նախարար
Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում, ես դա հայտարարում եմ պաշտոնապես, որովհետև քաղշիննախարարության կողմից այսօր էլ ուսումնասիրություն է իրականացվել: Այդ մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը` պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
Պատգամավորը փորձում էր հասկանալ, թե ինչու է Երևանի կենտրոնում կատարվում ապօրինություն, քանդվում պատմամշակութային հուշարձանը, բայց քրեական գործ չի հարուցվում: «Հարգելի և անկրկնելի կառավարություն, Փակ շուկայի խնդրին քաջածանոթ եք, ապօրինի շինարարությունը շարունակվում է, չնայած երկու անգամ վարչական պատասխանատվության է կանչվել շինարարություն անողը: Դրանից հետո պարտադիր պետք է քրգործ հարուցվեր, սակայն հարուցված չէ, իսկ այդ դեպքում պետք է երկրորդ գործը հարուցվեր նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տալիս ապօրինի շինարարությունը: Տվյալ դեպքում քրգործ պիտի հարուցվի քաղաքապետի նկատմամբ», -հայտարարեց Փոստանջյանը:
Նախարարը շարունակեց, վստահեցնելով, որ բոլոր իրավասու մարմինների կողմից վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը քննարկվել է և առաջարկություններ են ներկայացվել Երևանի քաղաքապետարան: «Առաջարկություններից մեկը վերաբերում է շենքի արտաքին տեսքի ամբողջությամբ պահպանմանը: Նախագիծն այժմ գտնվում է համաձայնեցման փուլում և հանձնարաակն միանշանակ քաղաքապետարանի կողմից տրված է, և տվյալ հատվածում շինարարական աշխատանքները դադարեցված են», -հայտարարեց Սամվել Թադևոսյանը: