Դավիթաշենում մտադիր են սիրիահայերի համար բնակարաններ կառուցել
«Օգնիր եղբորդ» հիմնադրամի և Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Այս մասին հայտնեցին հիմնադրամից:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատև ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, «Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի:
Հիմնադրամը, հավատարիմ մնալով քաղաքացիական նախաձեռնության բարեգործական աշխատանքների ուղվածությանը, շարունակելու է սիրիահայերին օգնության ծրագրերը:
Չդադարելով աջակցել Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ անապահով ընտանքներին (սնունդ, դեղորայք և այլն), հիմնադրամը կատարելու է նաև աշխատանքներ սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման համար:
Այս ընթացքում հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր:
Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:
Աշխատանքները սկսված են և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սփյուռքի նախարարությունը հայտարարել էր Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի ստեղծման մտադրության մասին: Այստեղ բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը։
Նախորդող հրապարակում`
Նկարիչները աջակցում են «Նոր Հալեպ» սիրիահայերի թաղամասի ստեղծմանը