Սադունցի դեպքեր. «Գյուղապետը գլուխը բռնել է, ասում է, էս իիի՞նչ են արել»
Սադունց գյուղում կատարվածին Panorama.am-ն անդրադարձել էր երեկ: Գյուղացիներից մեկի Ալիխան Բրոյանի խոտհարքը ռուսական զորքի անցկացրած զինավարժությունների հետևանքով հողին է հավասարվել: Հողամաս նախ տանկեր են մտել, ապա զինվորները բահերն առած խրամատներ են փորել:
Սադունցի գյուղապետ Էդուարդ Սադունյանը, ով Արագածոտնի մարզպետարանի վարչության պետին ու մեր թղթակցին երեկ ողջ օրվա ընթացքում համոզում էր, թե ինքը գյուղում է ու ականատես է եղել կատարվածին, երեկ ուշ երեկոյան նոր վերադարձել է գյուղ:
«Մի բան էլ ինքն էր վրես հարաքյաթ գալիս, ինչի՞ ես զանգել լրատվամիջոցին, ըտենց բան արել, մարզպետարանի աշխատողն էլ մի կողմից է վրես բարկանում: Վերցրի իրեն, գիշերվա ժամը 12-ին տարա, հողամասը ցույց տվեցի, գլուխը բռնել է, ասում է` էս իիինչ են արել, էս ինչ են արել: Բա ես էլ ասում եմ, քեզ առավոտից զանգում եմ, դու ասում ես հեսա կգամ ու չես գալիս օգնության հասնում»,-պատմեց Ալիխան Բրոյանը:
Հաշվի առնելով անցած տարիների փորձը, գյուղացին ասում է, որ 800-900 տուկ խոտ պետք է քաղեր, մի տուկի արժեքն էլ 1500-1700 դրամ է:
Հատուկ գյուղապետի համար նշենք, որ Ալիխան Բրոյանի խնդրի մասին խմբագրությունը իմացել է ոչ գյուղացուց, այլ շատ պատահաբար, հետաքրքրվել ու մեծ դժվարությամբ գտել է նրա հեռախոսահամարը: Կարծում ենք, որևէ մեկը իրավունք չունի արգելել քաղաքացուն իր խնդրի մասին բարձրաձայնել ու արդարություն պահանջել:
Երեկ ապրուստի միջոցը փրկելու համար գյուղացին ահազանգել է ոստիկանություն: Բայց մինչ էս պահը դեռ ոստիկանությունից ոչ ոք նրան չի այցելել:
«Ասեցին հեսա կգանք, մեզ դիմավորես, մինչև էս պահը ես սպասում եմ: Գագիկ Շամշյանին էլ եմ նկարներն ուղարկել»,-քիչ առաջ Panorama.am-ին ասաց գյուղացին:
Ի դեպ, Բրոյանը գյուղում միակ տուժածը չէ:
Վնասը տեսնելուց հետո ի՞նչ է առաջարկել գյուղապետը:
«Ոչ մի բան: Ես իրեն առաջարկեցի, այդ հողն էլ ինձ պետք չի, կամ պետք է օգնություն տրամադրես, կամ էլ քո հողերից ես էդքան խոտ պետք է քաղեմ, իմ ընտանիքը պահեմ»,-ասաց Բրոյանը:
Հիմա գյուղացին դեռ սպասում է…
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան