«Նա ինքնասպան չի եղել....» . Բողոքի ակցիա դատախազության դիմաց
«Նա ինքնասպան չի եղել.... » . ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց հավաքված` կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ձեռքին նման գրություններով պաստառներն են:
Մեկ տարի առաջ Առինջում կասկածելի հանգամանքներում մահացավ 20-ամյա Մարո Գուլոյանը, ով մայր էր ու սպասում էր երկրորդ երեխային:
Panorama.am-ը ավելի վաղ արդեն գրել է, որ վարկածը ինքնասպանությունն էր և որքան էլ Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբանը, հասարակական այլ կազմակերպություններ ու ամենակարևորը՝ Մարոյի հարազատները պնդում էին, որ երիտասարդ կինը չէր կարող ինքնասպան լինել, սրան զուգահեռ, չէին ներկայացվում փաստեր, որը կապացուցեր, թե մահը վրա է հասել բավականին կասկածելի հանգամանքներում:
Այդուհանդերձ 10 ամիս անց գործի քննությունը կարճվեց: Ու սա նոր կասկածի տեղիք տվեց՝ արդյո՞ք պատճառը այն չէ, որ Մարոյի ամուսինը Աբովյանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:
Այսօր դատախազության դիմաց հավաքվել էին, որպեսզի նամակ-բողոքն անձամբ փոխանցեին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի վերջինս անձամբ ներգրավվի գործընթացի մեջ:
«Քանի որ մենք գտնում ենք, որ սա ընտանեկան բռնության դեպք է, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կոալիցիայի հետ միասին պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի դժբախտությունը բացահայտվի»,- տեղեկացրեց Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Լուսինե Մինասյանը:
Նրա խոսքով, որոշ ժամանակ առաջ նամակ արդեն ներկայացրել են Գլխավոր դատախազություն, որով պահանջում էին գործի քննությունը տեղափոխել Երևան՝ մտավախություն ունենալով, որ Աբովյանում գործի քննությունը արդար չի ընթանում, հաշվի առնելով, նշեց իրավաբանը, որ տուժողի ամուսնու ընտանիքը ազգակցական նման կապեր ունի: Բայց պահանջն անտեսվեց, գործն էլ կարճվեց:
Ի դեպ, այսօր ժամը 14,30-ին Աբովյանի դատարանում պետք է նիստ տեղի ունենար, որպեսզի կարճման որոշման դեմ ներկայացված բողոքը քննվեր, սակայն նիստից երկու ժամ առաջ Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբանը զանգ ստացավ դատարանից, որ նիստը չի կայանալու. «Սա կանխամտածված քայլ է և նորմալ չի իրենց պարզաբանումը, թե գործի նյութերը չեն ստացել: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ հակառակ կողմը ոչ պատշաճ քայլերի է դիմում»,- լրագրողներին տեղեկացրեց իրավաբանը:
Նշենք, որ ակցիայի մեկնարկից տասը րոպե անց կոալիցիայի երկու ներկայացուցչի հրավիրեցին ներս՝ հանդիպելու գլխավոր դատախազին: Մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
Նախորդիվ՝
20-ամյա Մարոյի «ինքնասպանության գործով» հարցականներն ու կասկածները շատ են, բայց վարույթը կարճվել է
«Մարոն չի մոռացվել...» Բողոքի ակցիան կհիշացնի այդ մասին դատախազությանը