Զաքարյան. Սիրիահայերից շատերը մտափոխվել են, ցանկանում են Հայաստանում հաստատվել
Սիրիայում շարունակվող պատերազմի պայմաններում Հայաստանում բնակվող սիրահայերի մեծ մասը փոխել է մտադրությունը և ցանկանում է բնակություն հաստատել հայրենիքում: Panorama.am-ին այս մասին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Հաշվի առնելով նաև այս հանգամանքը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է կրթության և գիտության նախարարությանը Երևանում գործող Կիլիկյան վարժարանը` արաբերենի և արևմտահայերենի թեքումով դպրոց դարձնելու համար:
«Հարցն այժմ քննարկվում է»,-ասաց Զաքարյանն ու ավելացրեց, որ հավանության արժանանալու դեպքում դա կլինի նմանատիպ առաջին դպրոցը Հայաստանում:
«Այսօր մենք նման դպրոցների դիֆիցիտ ունենք»,-ասաց նա:
Նախարարության պաշտոնյայի հավաստմամբ, եթե ԿԳՆ-ն հավանություն տվեց առաջարկին, ապա դպրոցում մինչ այժմ ուսուցանվող սիրական ուսումնական ծրագրից անցում է կատարվելու, կսկսեն դասավանդվել նաև Հայոց պատմություն, Հայ գրականություն ու այլ առարկաներ:
Հարցին, հնարավոր է այդ դեպքում, դպրոց կարողանան հաճախել նաև հայաստանցի երեխաներ, Զաքարյանն ասաց, որ այս պահին հարցին պատասխանել չի կարող:
Ինչո՞ւ Սփյուռքի նախարարությունը հանդես եկավ նման նախաձեռնությամբ, հաշվի առնելով փաստը, որ սիրահայերը միշտ պահանջում էին, որ ուսուցումը Կիլիկյան վարժարանում կատարվեր սիրիական ծրագրով, քանի որ պատերազմի ավարտից հետո մտադիր են երեխաների հետ վերադառնալ այդ երկիր. «Պատերազմն այնքան երկարեց: Միտումները փոխվել են, շատերի մոտ արդեն տրամադրություն կա մնալ: Եթե անցած տարի նրանց 80-90 տոկոսն ասում էին, հետ ենք վերադառնալու, ապա հիմա մտածում են այստեղ մնալու մասին: Ծնողները նույնիսկ դիմել են վարժարանից երեխաներին այլ դպրոցներ տեղափոխելու խնդրանքով»,-ասաց Զաքարյանը: