Դավթաշենում բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է 200 սիրիահայ. Դիմումների ընդունումը կշարունակվի
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար այս պահին գրանցվել է 200 սիրահայ ընտանիք: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Օգնիր եղբորդ» հիմնադրամի նախագահ Վահան Վարդանյանը:
Նախապես հայտարարված էր, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր` երեկ: Սակայն Վարդանյանն ասաց, հաշվի առնելով հանգամանքը, որ դեռևս բազմաթիվ սիրիահայեր դիմում են, ցանկանում գրանցվել նոր կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու համար, ուստի նախապես նշված վերջնաժամկետը, որով նախատեսվում էր գրանցվել մինչև հուլիսի 1-ը, երկարաձգվել է: Բնակարանների համար բոլոր սիրիահայերը կարող են գրանցվել ամեն օր՝ ժամը 11:00-15:00 (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Վ. Վարդանյանի խոսքով, դիմումների ընդունման փուլին կհաջորդի արդեն կառուցվելիք շենքի նախագծի կազմումը:
«Գրանցման աշխատանքներից հետո, արդեն նախագծման աշխատանքները կսկսվեն, դրանից հետո նոր պարզ կլինի երբ կսկվի շենքի կամ շենքերի շինարարությունը, ի՞նչ ժամկետում կավարտվի, ինչ կարժենա: Պետք է նախապես իմանանք պահանջարկը, որպեսզի հասկանանք ի՞նչ նախագծենք, ինչքա՞ն բնակարան պետք է լինի, մե՞կ շենք պետք է կառուցվի, թե՞ երկու»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
Հիշեցնենք, որ «Օգնիր եղբորդ» հիմնադրամի և Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Հիմնադրամի նախագահի խոսքով, այս պահին հողահատկացման աշխատանքները դեռ շարունակվում են:
Ավելի վաղ Սփյուռքի նախարարությունը հայտարարել էր Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի ստեղծման մտադրության մասին: Այստեղ բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը։
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը Panorama.am-ին հայտնեց, որ հարցի վերաբերյալ ուրախ նորություններ ունեն, սակայն դրանք կհրապարկվեն միայն նախարարի` առաջիկայում հրավիրելիք ասուլիսում:
Նախորդող հրապարակում`
Զաքարյան. Սիրիահայերից շատերը մտափոխվել են, ցանկանում են Հայաստանում հաստատվել