Երևանում գործող բարեգործական 6 ճաշարանների գործունեություն վերջին մեկ ամսում դադարեցվել է
Օրեր առաջ Panorama.am-ն անդրադարձել էր չքավոր, աղբամանից սնունդ հայթայթող մարդկանց խնդրին: «Ավելցուկը անպայման չէ, որ աղբ դառնա» հրապարակման մեջ խմբագրությունը առաջարկ էր ներկայացրել ու Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել, արդյոք քննարկել է կամ օրակարգում կա չքավորներին սնունդ, կահույք, հագուստ ու այլ պետքական իրեր թողնելու համար տարածք, ինչպես դա արվում է մի քանի այլ երկրներում:
Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, ի՞նչ ծրագրեր է նախատեսվում իրականացնել առաջիկայում անօթևան ու կարիքավոր մարդկանց համար:
Սոցիալական ապահովության վարչությունից ստացած նամակում տեղ հատկացնելու հարցի վերաբերյալ հստակ պատասխան չկա, կան տվյալներ, թե ինչ ծրագրեր է իրականցնում քաղաքապետարանը տարբեր կազմակերպությունների ու վարչական շրջանների աշխատակազմերի հետ:
Բայց մինչ այդ` պարզվում է, որ Երևանում գործող բարեգործական վեց ճաշարան է փակվել, չնայած վստահեցնում են, որ առաջիկայում դրանք կվերաբացվեն:
«Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Երևան քաղաքի վարչական շրջաններում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որտեղ սնվում են 2190 շահառուներ։ Նշված ճաշարաններից 6-ի գործունեությունը վերջին 1 ամսում ժամանակավորապես դադարեցվել է՝ որոշ խնդիրների պատճառով և դրանք շուտով կվերաբացվեն, կշարունակեն իրենց գործունեությունը»,- հայտնեցին քաղաքապետարանից:
Թե ինչ խնդիրների պատճառով ու քանի շահառու է զրկվել սնունդ ստանալու հնարավորությունից, կամ շուտովը ինչ ժամանակ է ենթադրում, քաղաքապետարանից չեն մանրամասնում:
Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացրեցին, որ Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինները սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները հոգալու նպատակով հավաքագրում և բաշխում են ոչ միայն հագուստ, այլև կենցաղային իրեր, կահույք։ Այդ նպատակով բաժինները համագործակցում են նաև հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների հետ։
Քաղաքապետարանից հայտնում են նաև, թե Տ. Մարգարյանի հանձնարարությամբ 2011 թվականի դեկտեմբերից Երևանի քաղաքապետարանը Հայ-Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել և իրականացնում է մայրաքաղաքի անօթևան մարդկանց հավաքման և ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագիրը։ Առ այսօր մայրաքաղաքի փողոցներից ժամանակավոր կացարան են տեղափոխվել շուրջ 180 անօթևաններ: Ներկայումս հիշյալ հիմնադրամում փաստացի բնակվում են 41 անօթևաններ, որոնց տրվում են օրական 3 անգամյա տաք սնունդ, հագուստ, բժշկական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում։
«Տեղեկացնում ենք նաև, որ ծրագրի իրականացման աշխատանքները ներկայումս շարունակվում են»,- Panorama.am-ին հայտնեցին քաղաքապետարանից:
Փոխանցելով քաղաքապետարանի պատասխանը, ասենք, որ մեր գնահատմամբ խնդիրը մնում է` կրպակները թափում են տեսքը կորցրած մթերքը, մարդիկ հագուստը կամ սոցիալական սանցերի միջոցով են բաշխում, կամ դրանք հայտնվում են աղբամանների մոտ: Մի բառով` «Անտնտեսվարություն»:
Նախորդող հրապարակում` Ավելցուկը անպայման չէ, որ աղբ դառնա