Շուրջ 300 սիրիահայ ընտանիք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ համաձայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի՝ արդեն մեկնարկել են բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման աշխատանքները. 2013թ հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել է Աշտարակի քաղաքապետին, որի հիման վրա Աշտարակի ավագանին 2013թ հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերելու վերաբերյալ:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից հստակեցված բնակարանային պահանջարկի հիման վրա ԵՊՃՇՀ-ն և «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցություն» ՀԿ-ն համատեղ բարեգործական հիմունքներով իրականացնում են «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները:
Նախատեսվում է կառուցել 5-10 երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք և շուրջ 100 առանձնատուն: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից հաշվառվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում, նրանցից մի քանիսը հալեպաբնակ են և մշտական բնակության նպատակով վերադառնալու են Երևան: Կազմակերպությունը զբաղվում է սիրիահայերի կարիքների գնահատմամբ և կկազմակերպի բնակարանների բաշխումը:
Նախարարը նշել է, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: Գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը: «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ սիրիահայերին օգնելու նպատակով նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Բարերարներ Կարեն և Սամվել Կարապետյանները ևս պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին: Նախարարը նշել է, որ 36 հայ նկարիչներ ևս աջակցում են այս ծրագրին և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված գումարները նվիրաբերելու են սիրիահայերի աջակցության ֆոնդին: Նախարարը կոչ է արել արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչներին ևս իրենց բարեգործական ձեռնարկներով աջակցել այս ծրագրին:
ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանն ասել է, որ նախագծային քայլերը կատարելիս յուրովի մոտեցում են ցուցաբերելու և նախագծային առաջադրանքի հստակեցման դեպքում, նախագծումը ավարտուն տեսք կստանա:
Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը նշել է, որ նախատեսվում է ամենաորակյալ կառուցվածքներով և բարձր սեյսմակայունությամբ շենքեր կառուցել: Առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը շնորհակալություն է հայտնել Հայրենիքում և Սփյուռքում աջակից բոլոր գերատեսչություններին և կառույցներին, ներկայացրել է սիրիահայերին աջակցելու նպատակով բացված բանկային հաշվեհամարը և կոչ է արել յուրաքանչյուրին իր մասն ունենալ այս ծրագրի կայացման գործում: