«Նոր Հալեպ» թաղամասի համար հատկացվել է 4.8 հա տարածք. Աշխատանքները պետք է արագացվեն
Սփյուռքի նախարարությունում այսօր կայացել է սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման աշխատանքները համակարգող հանձնախմբի նիստը:
Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրմանն աջակցող բոլոր կազմակերպություններին ու անհատներին, մասնավորապես նշել է թաղամասի նախագծի վրա աշխատած բոլոր ճարտարապետներին:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացնելով սիրիահայերի համար Աշտարակում կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի գլխավոր հատակագիծը, նշել է, որ առավել ամբողջական, ներդաշնակ կառուցապատում իրականացնելու համար Աշտարակում հատկացված 4,8 հեկտար տարածքը նախագծվել է որպես քաղաքատիպ թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով, կանաչապատված բակային տարածքներով բնակելի համալիր:
Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահ Վահե Թութունջյանը նշել է, որ թաղամասի նախագծմանը մասնակից լինելը լավ առիթ է, որպեսզի փորձի փոխանակության և համագործակցության հնարավորություն ունենան Հայաստանի և արտասահմանյան մասնագետները: «Իմ կարծիքով, այս ծրագիրը Հայաստան Սփյուռք գործակցության լավագույն օրինակ է», - ասել է նա:
Արագացված շինարարության հետ կապված խնդիրների, նոր տեսակի շինաքարի մասին խոսել է շինաքարի գյուտարար Միքայել Համամջյանը: Ցուցադրվել է տեսաֆիլմ նոր շինաքարով կառուցված տների առավելությունների, մասնավորապես, քարի թեթևության, ջերմապահպանման, սեյսմակայունության վերաբերյալ:
Ճարտարապետական պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ «Նոր Հալեպ» թաղամասը կունենա ճարտարապետական ժամանակակից լուծում, որն իր ոճով ու գեղեցկությամբ կլինի ոչ միայն գրավիչ, այլև հարմարավետ ու հեռանկարային:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը խոսել է սիրիահայերից ստացվող նոր դիմումների մասին: «Դրսից էլ են դիմում, ցանկություն են հայտնում հաստատվել Հայաստանում»,-ասել է ՀԿ նախագահը:
Ամփոփելով նիստը, ՀՀ սփյուռքի նախարարը նշել է ժամկետներ՝ աշխատանքների ընթացքը արագացնելու ուղղությամբ: