Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայողը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հերթական անգամ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) պատվիրակ Դրագանա Ռանկովիչին, տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Տիկին Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:
Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ. Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչին հայտնել է, որ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին: Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել:
Նշենք, որ օգստոսի 8-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մասին որևէ նոր տեղեկություն դեռ չի հաղորդվում. ԿԽՄԿ երևանյան գրասենյակից Panorama.am-ին ասացին, որ Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցիչներին չի հաջողվում հանդիպել զինծառայողի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան