Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություն է հրավիրել մանկապարտեզներում հերթագրված երեխաների լրացուցիչ ընդունելություն թույլատրելու հարցը քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալներ, քաղաքապետարանի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերը, Երևանի վարչական շրջանների ղեկավարները։
«Հնարավորությունները բազմակողմանի վերլուծելով` վստահ եմ, կարող ենք սահմանված չափորոշիչների և նորմատիվների համապատասխան մասամբ լուծել մանկապարտեզներում երեխաների ընդունելության խնդիրը»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Տարոն Մարգարյանն առաջարկել է սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում թույլատրել լրացուցիչ ընդունելություն կատարելը, ինչի արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվեն ևս 1300 երեխաներ։
Քաղաքապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երեխաների ընդունելությունը պետք է կատարվի սահմանված կարգին համապատասխան՝ օրենսդրության պահանջների պահպանմամբ, առաջնահերթությունը տալով հատկապես երեխաների ծնողների՝ Երևան քաղաքի բնակիչ (մշտապես հաշվառված) լինելու և աշխատելու փաստին, բազմազավակ ընտանիքների երեխաներին, ՀՀ կառավարության կողմից սահմանված արտոնություններից օգտվող միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ ծնողների ու միայնակ մայրերի երեխաներին և այլն։