2007 թվականին ծնված երեխաները մանկապարտեզում տեղ չունեն. Գ. Սողոմոնյան
«Հանրակրթության մասին» օրենքով այս տարի առաջին դասարան պետք է հաճախեն 2007 թ. ծնված բոլոր երեխաները: Սակայն կան ծնողներ, ովքեր մտածում են, որ «դեռ փոքր է իրենց երեխան դպրոց հաճախելու համար» ու ցանկանում են, որ մի տարի էլ մանկապարտեզ այցելի: Ինչպես պատմեց մեզ Երևանի մի բնակչուհի,նրա թոռնիկը ծնվել է 2007-ի դեկտեմբերին: Որոշել են այս տարի դպրոց չտանել: Սակայն մանկապարտեզի տնօրինությունն էլ երեխային արգելում է հաճախել:
«Մանկապարտեզ ընդունվում են օրենքով սահմանված կարգով: 2007 թվականին ծնված բոլոր երեխաները պետք է 2013 թվականի սեպտեմբերի 1-ից հաճախեն դպրոց: Չուզել՝ չկա, դպրոց հաճախելու տարիքն է, սահմանված է օրենքով: Ինչո՞ւ չեք հարգում օրենքը, հետո էլ դժգոհում եք»,- լսելով խմբագրություն զանգահարած մի քանի ծնողների դժգոհությունները, Panorama.am-ի ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Ըստ նրա, մանկապարտեզում խիստ սահմանված են տարիքային խմբերը, կան տարիքային առանձնահատկություններ. «Դա նույնն է, օրինակ, ասենք, առաջին դասարանի երեխային տանենք նստեցնենք երրորդ դասարան ու ասենք՝ ինտեգրվի»: Գ. Սողոմոնյանն իր խոսքի վերջում ընդգծեց, որ 2007 թվականին ծնված երեխաների տեղը դպրոցն է. մանկապարտեզում տեղ չունեն: