Թուրքիայից բերված սննդամթերքը սահմանային հսկողության չի ենթարկվում. «Իրավասություն կա, կամք չկա»
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` ադրբեջանական ու թուրքական ծագմամբ մթերքի ներկրումը թույլատրող հրամանից հետո Հայաստան ներկրվել են թուրքական ծագմամբ մի քանի տեսակ ապրանքներ: Ադրբեջանական ծագման ապրանքներ հունիսի 7-ից մինչ օրս չեն բերվել. հավաստում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
«Թուրքիայից բերվել են կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ»,-մանրամասնեցին ծառայությունից:
Լաբորատոր փորձաքննության ենթարկվել են միայն մաստակները, քանի որ անվտանգության փաստաթղթերը չեն բավարարել կառավարության որոշման 1442 որոշման պահանջներին: Ըստ ծառայության, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մաստակներն անվտանգ են:
Հարցին, թե ինչո՞ւ ոչ բարեկամ երկրներում արտադրված ու Հայաստան բերվող բոլոր սննդամթերքները չէ, որ ստուգվում են, ծառայությունից պատասխանեցին, որ ISO-ն և ՀԱՍՊ-ն համարվում են անվտանգության սերտիֆիկատներ:
«Ու եթե տվյալ պետությունը այդ սերտիֆիկատները տալիս է, մենք իրավունք չունենք կողմնապահություն անել, հասկանո՞ւմ եք»,-ասաց ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ Թուրքիայից բերված ապրանքները լաբորատոր փորձաքննության իրականացման համար ծառայությունը իրավասություն ունի, սակայն բավարար կամք չունի: Նրա խոսքով, չի բացառվում ուղեկցող անվտանգության փաստաթղթերը չարտացոլեն իրական պատկերը, ու մենք չիմանանք` ի՞նչ են մեզ ուղարկում ու ի՞նչ մտադրությամբ:
«Եթե կամք լինի, միշտ հնարավոր է ինչ-որ բան գտնել, փորձաքննության ենթարկել, նոր ներմուծումը թույլ տալ»,-ասաց ՀԿ նախագահը, հավելելով, որ նույն ապրանքը կարելի է արդեն իրացման ցանցում մոնիտորինգի ենթարկել, հսկիչ գնում կատարել և ստուգել:
«Այստեղ խնդիրը հետևյալն է, կամքը կա՞ ստուգելու, ձև ենք ման գալիս, ստուգենք, թե՞ կամքը չկա: Եթե մեկ անգամ հսկիչ գնման արդյունքում շեղում ենք հայտնաբերում, արդեն մեզ համար հիմք կլինի մյուս անգամ ապրանքը ներկրելիս ենթարկել սահմանային հսկողության»,-նկատեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան