Կոմիտաս 5-ում 7 հարկանի շինության նախագիծը վաղը կներկայացվի Ճարտարապետների միություն
Կոմիտաս 5 հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում է կառուցել 7 հարկանի շինություն, որի նախագիծը նա ներկայացրել է Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անի Զախարյանը նշեց, որ նախագիծն աշխատանքային է և ներկայացվելու է Ճարտարապետների միության նախագահին ու խորհրդին՝ համապատասխան մասնագիտական եզրակացություն ստանալու համար:
Անի Զախարյանը պնդում է, որ ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերն ու այդ շինարարության նախագծում որևէ խնդիր չկա, համապատասխանում է քաղաքաշինության նորմերին: «Մենք տեսանք որոշակի դրսևորումներ եղան ակտիվիստների ու որոշ քաղաքական ուժերի կողմից, այսօրվա խժդժությունների ֆոնի վրա դա ինձ վախ ներշնչեց, որ կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել»,- ասաց նա և հայտնեց, որ բնակիչները կուսակցության Արաբկիր համայնքի բազային կազմակերպություններից մեկին են դիմել և մանրամասն ներկայացրել իրենց խնդիրը:
«Նրանց հետ զրուցելուց հետո, հասկացանք, որ անձնական վիրավորանք ունեն: Բնակիչները վստահեցնում են, որ այդ տարածքում ծառեր են եղել, սակայն կառուցապատողը՝ սփյուռքահայ գործարար Էդուարդ Քեշիշ-Աբրահամյանն ինձ լուսանկարներ է տրամադրել, որոնցում երևում է, որ միայն թփեր են, իսկ այդ մարդը բարեկարգել է տարածքը: Պետք է խոսել միայն փաստերով»,- ասաց կուսակցության նախագահը:
Հարցին՝ ինչո՞ւ չի ներկայացվում նախագիծը, եթե այն կա, Անի Զախարյանը պատասխանեց. «Բնակիչները թշնաբար են տրամադրված: Հիմա ի՞նչ անել՝ մեղադրել գործարարին կամ բնակիչներին, իսկ պատկան մարմիններից ո՞վ պետք է պատասխան տա»:
ՀՆՔՄԿ Երևանի տարածքային կազմակերպության ղեկավար Ռուդիկ Ներսիսյանը ևս անդրադարձավ պատկան մարմիններից պատասխանատվություն պահանջելուն և ընդգծեց, որ պատասխան պետք է տա այն պաշտոնատար անձը, ով Կոմիտաս 5 հասցեում 14 հարկանի շինության կառուցման թույլտվություն է տվել:
Նրանք հիշեցրեցին, որ գործը սկսվել է 2007թ-ին, Երվանդ Զախարյանի քաղաքապետ լինելու ժամանակ հողատարածք է վաճառվել՝ առանց հասարակական լսումների: «Պետք էր կանխատեսել ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ: Գագիկ Բեգլարյանի օրոք արդեն ներկայացվել է 14 հարկանի շենքի նախագիծը և ստացել թույլտվությունը, իսկ Տարոն Մարգարյանն արդեն վավերացրել է այն: Սակայն այժմ նախատեսվում է կառուցել 7 հարկանի շինություն»,- ասաց Անի Զախարյանը և նշեց, որ վաղը նախագիծը կներկայացվի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին:
Ըստ նրա՝ պետությունը պետք է կանգնի և՛ հասարակության կողքին, և՛ սփյուռքահայ գործարարի, որպեսզի հարցը օբյեկտիվ լուծում ստանա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները