«Նախախորհրդարանի» խորհրդանիշ դեղին գլխարկներով ավանակները Երևանի կենտրոնում պայքարում են օլիգարխի դեմ
Փակ շուկայի վերակառուցման ու օլիգարխիայի դեմ պայքարում արդեն հանդես են գալիս կենդանիները… իհարկե, սա առաջին դեպքը չէր (նախորդ անգամ ոչխարներ և այծեր էին բերել), բայց առաջին անգամ էր, որ պայքարին միացան էշերը, այն էլ «Նախախորհրդարանի» խորհրդանիշ դեղին գլխարկներով: Կենդանիները «Նախախորհրդարանի» ակտիվիստներին միացան Մաշտոցի պուրակում, նրանց ուղեկցում էին դեղին գլխարկներով երիտասարդներ, որոնք լրագրողներին տեղեկացրեցին, որ իրենք որոշել են միանալ օլիգարխիայի դեմ պայքարին այս յուրատիպ ճանապարհով, առավել ևս, որ տեսնում են ակտիվիստների շարքերը գնալով նոսրանում են:
Հետաքրքիրն այն է, որ «Նախախորհրդարանի» ակտիվիստները երկար պուրակում չմնացին ու հատկապես այն բանից հետո, երբ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ կենդանիների մասնակցությամբ ակցիաները պատժվում են օրենքով, լքեցին տարածքը: Բայց դե հասկանալի է` մարդը ավելի հեշտությամբ կարող է լքել տարածքը, քան կենդանիները, որոնք մարդկանց հոծ բազմությունից շիվարել էին: Այնպես որ ակցիան, որպես այդպիսին, չկայացավ և բողոքող կենդանիների պուրակ գալուն պես այն չսկսված ավարտվեց` պուրակում մնացին էշերն ու ոստիկանները:
«Այն, ինչ կատարվել է ծածկած շուկայում իր մասշտաբով ու փաստաթղթային շրջանառությամբ գերազանցում է մինչև այսօր տեղի ունեցած բոլոր ապօրինությունները` ոչ մի իրավական թուղթ չկա ծածկած շուկայի գործունեության վերաբերյալ, ոչ շահագործման և ոչ էլ շինարարության»,- լրագրողներին ասաց «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը: Այն դիտարկմանը, թե ինչ են սպասում, ի վերջո, իրենց պայքարից, արդյո՞ք հույս ունեն, որ Փակ շուկան կքանդվի և կվերադարձվի նախկին տեսքին, Գ.Չուքասզյանն ասաց, որ դա հույս չի, այլ իրենց գործունեության արդյունքը դա կլինի: Եվ որ առաջիկայում դատական գործընթաց կսկսեն այս խնդրի վերաբերյալ:
Իսկ ահա քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ այն, որ պայքարում ներառում են արդեն կենդանիների` նախորդ անգամ ոչխարներ ու այծեր, այս անգամ էշերի, վկայում է նրա մասին, որ այսպիսով փորձում են ապահովել բազմամարդությունը.
«Գիտենք, որ կենդանիներին ակցիաների մասնակից դարձնելը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ և կարծում եմ, որ մեր ոստիկանությունը անհրաժեշտ հետևությունները կանի: Երևանի կենտրոնը, ի վերջո, կրկես չէ»,- նշեց Ս.Սուրենյանցն ու հավելեց, որ այսպիսով նա փորձում է ոստիկանության ուշադրությունը դարձնել օրենքի այդ խախտման վրա:
Ոչխարներ և այծեր. «Պայքարում ենք օլիգարխի դեմ» (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան