Է.Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը: Այս մասին պատգամավորը հայտարարել է այսօր ԱԺ-ում` մատնանշելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ խնդրին.
«Նախատեսվում է, որ այդ բաղադրիչի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2014 թ-ի հունվարի 1-ից, այնինչ աշխատավարձը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում շոշափելի չափով բարձրացվելու է 2014 թ-ի հուլիսի 1-ից միայն: Այս պայմաններում քաղաքացիների՝ սպառման նպատակով տնօրինվող եկամուտը առնվազն 5%-ով նվազելու է:
Ընդ որում, ընդամենը 1.5 ամիս է մնացել համակարգի գործարկման սկզբին, սակայն դեռևս պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության կազմակերպման համար լիցենզիա ստացած կազմակերպություն չկա:
Նման պայմաններում օրենքի ուժի մեջ մտնելը 2014 թ-ի հունվարի 1-ից որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել: Հակառակը, այն հղի է բազմաթիվ խնդիրներով, որի հետևանքները համակարգի գործարկման ժամկետը չհետաձգելու պարագայում կարող են առանց այդ էլ լավագույն վիճակում չգտնվող սոցիալ-տնտեսական պայմաններն էլ ավելի ապակայունացնել:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում եմ սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային բաղադրիչին վերաբերող դրույթներն ուժ մեջ մտնեն ավելի ուշ, օրինակ, մեկ տարի հետո, իսկ եթե մեկ տարով հետաձգումը հնարավոր չէ, ապա առնվազն 2014 թ-ի հուլիսից»,- բարձրաձայնել է իր մտահոգությունները Է.Մարուքյանը: