Սիրիահայերն օգնում են սիրիահայերին. Անվճար բժշկական ծառայություն
Դեկտեմբերից «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն» ՀԿ-ում ամեն շաբաթ օր, ժամը 10:00-13:00-ն անվճար բժշկական ծառայություններ կտրամադրվեն Հայաստանում ապաստանած սիրիահայերին: Ընդունելության առաջին օրը դեկտեմբերի 7-ը կլինի:
Կենտրոնի նախագահ Լենա Ալաջյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախաձեռնությանն այս պահին միացել են հալեպահայ մանկաբույժ Ժան Պեշլյանն ու հալեպահայ սրտաբան Գրիգոր Դալաքչյանը:
Լենա Ալաջյանի բնորոշմամբ` սա նաև պետության բեռը թեթևացնելու նպատակ ունի: «Շատ սիրիահայեր տեղափոխվել են այստեղ: Օրինակ, կան մարդիկ, որ Սիրիայում դեղամիջոցներ էին օգտագործում, որոնք հնարավոր է այստեղ չլինեն, մեր բժիշկները խորհրդատվություն կտրամադրեն, թե ինչ փոխարինող դեղամիջոցներ կարելի է օգտագործել և այլն»,- ասաց նա:
Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոնի ղեկավարի խոսքով, բոլոր սիրիահայերը կարող են մոտենալ բժշկին և ներկայացնել իրենց առողջապահական հարցերը. «Աստված մի արասցե, եթե պետք լինի հիվանդանոց տեղափոխել կամ ավելի լուրջ բժշկական միջամտություն իրականացնել, նախարարության հետ կկազմակերպենք նաև դա»:
Նշենք, որ սկզբում նախատեսված էր անվճար բժշկական ծառայություններ մատուցել միայն 0-14 տարեկաններին, բայց հետո որոշեցին ընդլայնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում